Անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՊՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օրերս ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան ելքով գործի քննությանը:

Նախախարի խոսքով, այդ գործով ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բոլոր մեղավորները: Նմանաբնույթ դեպքերը հետագայում բացառելու նպատակով Սեյրան Օհանյանը խորհրդակցության ավարտին մասնակիցներին տվեց կոնկրետ հանձնարարականներ եւ ցուցումներ:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաեւ բանակային զորամիավորումների հրամկազմը: 

Խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ անցկացվելիք հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանը, պաշտպանության նախարարին կից կոլեգիաների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին:

Կարեւորելով երիտասարդության շրջանում ազգային գաղափարախոսության եւ հայրենասիրության սերմանումը` Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ գործընթացում ազգային բանակը պետք է առանցքային դերակատարում ունենա:  Ըստ այդմ, նախարարը հանձնարարեց, որ զորամասերում ՀՀ անկախության տարեդարձի առթիվ անցկացվելիք տոնական միջոցառումներին  ներգրավվեն նաեւ  հասարակության լայն շերտերը: Ընդգծելով, որ ազգային բանակի հենքն ի վերջո հասարակությունն է, Սեյրան Օհանյանն արձանագրեց, որ այս առումով բանակ-հասարակություն կենսական կապի հետագա ամրապնդումն ուղղակի խիստ անհրաժեշտություն է:  Նախարարը հորդորեց նաեւ, որ վերոհիշյալ կապը պետք է օգտագործել հասարակության շրջանում ազգային ավանդույթների շարունակության ապահովման, մնայուն  արժեքների արմատավորման, արատավոր բարքերի դեմ տարվող պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային, 1992թ. Սամվել Սերգեյի Հարությունյանը։ Մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով/ ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:  Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: