Այսօր` հունիսի 21-ին կավարտվի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը: Վաղը կմեկնարկի երրորդ տուրը, որի շրջանակում օրական կանցկացվի չորսական հանդիպում: Դրանք կսկսվեն 19:00-ին եւ 23:30-ին:
Աշխարհի առաջնության 11-րդ օրվա մեկնարկային խաղում, այսօր, 16:30-ին խաղադաշտ դուրս կգան G խմբում հանդես եկող Պորտուգալիայի եւ Հյուսիսային Կորեայի ֆուտբոլիստները:
Բրազիլիայի դեմ առաջին խաղում հյուսիսկորեացիները մեծ ցանկության եւ ջանասիրության շնորհիվ լավ տպավորություն թողեցին եւ նույնիսկ գնդակ խփեցին:
Պորտուգալիայի հավաքականը Կոտ դ’Իվուարի հետ խաղում ոչ մի վտանգավոր պահ չստեղծեց, բացառությամբ Քրիշտիանու Ռոնալդուի հեռվից կատարած հարվածի, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
ԿԺԴՀ-ի հավաքականն ամենայն հավանականությամբ դարձյալ կխաղա` ամբողջ թիմով պաշտպանվելով, եւ Պորտուգալիայի հարձակումը թերեւս մեծ խնդիրներ ունենա գնդակ խփելու հարցում:
Այս թիմերի միակ հանդիպումը տեղի է ունեցել 44 տարի առաջ, 1966թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում: Այն ժամանակ արդեն 25-րդ րոպեին հյուսիսկորեացիներն առջեւում էին 3:0 հաշվով, սակայն հետո բաց թողեցին հինգ գնդակ, որոնցից չորսը Էյսեբիոյի հաշվին է: Լեգենդար ֆուտբոլիստն այդ խաղն անվանել է իր կարիերայի մեծագույն հանդիպումը:
Բուքմեյքերների կանխատեսումը. Պորտուգալիայի հաղթանակ` 1,30, ոչ ոքի` 4,60, ԿԺԴՀ-ի հաղթանակ 10,50:
| G խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Բրազիլիա |
2 | 2 |
0 |
0 | 5-2 | 6 |
| Պորտուգալիա | 1 | 0 | 1 | 0 | 0-0 | 1 |
| Կոտ դ’Իվուրա | 2 |
0 | 1 | 1 |
1-3 | 1 |
| ԿԺԴՀ | 1 |
0 | 0 |
1 | 1-2 | 0 |



























