Ղազախստանն ընդգծում է Թուրքիայի կարեւոր դերը ղարաբաղյան կարգավորման մեջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար-պետքարտուղար Կանատ Սաուդաբաեւը՝ հունիսի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք չէինք կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը, քանի որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, լուրջ ջանքեր ենք գործադրում այսպես կոչված սառեցված հակամարտություններում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, եւ Թուրքիայի մասնակցությունը դրանց կարգավորման հարցում շատ կարեւոր»,- նկատել է Սաուդաբաեւը:
Իր հերթին Դավութօղլուն հաղորդել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ջանքերը, որոնք անհրաժեշտ է գործադրել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու համար:
«Կարծում եմ՝ այս տարին եվրասիական տարածքում կարելի է անվանել Թուրքիայի եւ Ղազախստանի տարի: Երկու եղբայրական երկրները շարունակելու են համատեղ ջանքերը կայունության, խաղաղության եւ հանգստության համար»,- ամփոփել է Դավութօղլուն:




























