Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը սեպտեմբերի սկզբին «Հայաստանի Հանրապետության բնակֆոնդը եւ կոմունալ տնտեսությունը 2013 թվականին» զեկույց է հրապարակել: Ըստ հաշվարկների, 2003 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը հանրապետությունում բնակարանային ֆոնդն աճել է գրեթե 20.900 միավորով կամ 5.0%-ով: Աճի ցուցանիշում առյուծի բաժինը (գրեթե 72%) մայրաքաղաքինն է, որտեղ ակտիվ շինարարական տարիներին բազմաթիվ բարձրահարկ շենքեր են կառուցվել:

Օրինակ՝ Հյուսիսային պողոտայում, որտեղ բնակարան գնելու հարցում նոր հարուստներն այնքան էլ հետաքրքրված չեն, քանի որ, եթե միջոցները թույլ են տալիս, «սեփական տունն» ավելի գրավիչ է: Եվ պատահական չէ, որ բնակարանի այդ տեսակի մասով հսկայական աճ է արձանագրվել: Եթե ժամանակաշրջանի սկզբում Երեւանում «ընդամենը» 30.100 առանձնատուն է եղել, ապա ընթացիկ տարեսկզբին այդ ցուցանիշն աճել է գրեթե 1.9 անգամ՝ ընդհանուր առմամբ կազմելով 56.200 միավոր:

Իսկ, ընդհանուր առմամբ, երկրում առանձնատների ֆոնդն աճել է շուրջ 90.200 միավորով կամ 26.8%-ով: Այսինքն՝ 4.3 անգամ ավելի, քան բնակարանային ֆոնդը: Հանրապետության առանձնատների ֆոնդի աճի գրեթե կեսը (49.2%) բաժին է ընկնում գյուղական տեղանքին: Այդ առումով ռեկորդակիր է Արարատի մարզը. այստեղ տների աճը կազմել է շուրջ 10.400 միավորով:

Այնուհետեւ Արմավիրի (աճը՝ 7.500 միավոր) եւ Արագածոտնի (6.800 միավոր) մարզերն են: Ինչպես տեսնում ենք, սրանք մայրաքաղաք Երեւանի անմիջական հարեւաններն են: Այդ պատճառով չի բացառվում, որ այստեղ բնակարան են կառուցել հենց մայրաքաղաքի բնակիչները, որպես ամառանոց:

Հանրապետության առանձնատների ֆոնդում Երեւանի մասնաբաժինը զգալիորեն ավելի համեստ է, քան բնակարաններինը. 29%-ից պակաս: Բայց այս դեպքում հարկավոր է հաշվի առնել ոչ պակաս կարեւոր մեկ հանգամանք: Շատ դեպքերում գնորդները մայրաքաղաքի էլիտար թաղամասերում ձեռք են բերել «հին» տներ, քանդել դրանք, եւ նոր՝ իրենց պահանջներին համապատասխանող տներ կառուցել:

Մեկ այլ նրբություն էլ գոյություն ունի բնակարանների պարագայում: Քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչները (վթարայնության 4-րդ աստիճան) նոր բնակարաններ են ստացել: Օրինակ՝ անցյալ տարի Երեւանում նման շենքերի 200 բնակիչների հին բնակարանների փոխարեն նորն են տրամադրել: