Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կատարել ԵՄ-ի եւ Ուկրաինայի հետ իր պայմանավորվածությունները՝ կապված Ուկրաինայի եվրաինտեգրման հետ, բայց պնդում է, որ դրանք պիտի իրավաբանորեն ձեւակերպվեն:

«Ակնհայտ է, որ բանակցություններում որոշակի փաստարկներ մեր գործընկերները լսեցին: Դա կարեւոր է եւ, բնականաբար, մենք պատրաստ ենք հետեւել այդ պայմանավորվածություններին՝ դրանց անհրաժեշտ ձեւով ֆիքսվելուց հետո: Տվյալ դեպքում միայն բանավոր հայտարարությունը բավարար չէ: Պետք է դա ինչ-որ կերպ պարտավորություն ստեղծի այդ հարաբերությունների մասնակիցների համար: Միաժամանակ, ակնհայտ է, որ այսպես կոչված ազատ առեւտրի գոտու ռեժիմի պահպանության ժամանակավոր պահպանության բացակայության պայմաններում մենք առավելագույնս ուշադիր կհետեւենք, թե ինչ է տեղի ունենում»,-ասել է Մեդվեդեւը երկրի փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Բրյուսելում ՌԴ-Եվրահանձնաժողով-Ուկրաինա եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հարցով պայմանավորվածություն է ձեռք բերվել հետաձգել ԵՄ-ՈՒկրաինա ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ժամանակավոր կիրառումը մինչեւ 2015-ի դեկտեմբերի 31-ը: