Արցախում «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանց ստեղծելու նպատակով 80-100 հազար դոլար արժողությամբ ծրագիր է մշակվելու, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնող խմբի ղեկավար, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը։

«Արցախի Աստղաշեն, Պատարա եւ Խնձրիստան գյուղերում ծրագիրը իրականացնելու համար անհրաժեշտ է մոտավորապես 80-100 հազար դոլար։ Փորձելու ենք դրամահավաքների միջոցով հայթայթել գումարը, քանի որ միջազգային կառույցների դեպքում չեն կարող վստահ լինել ֆինանսավորման հարցում, քանի որ վերաբերում է Արցախին։ Դիմելու ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերին, օգտագործելու ենք ինչպես տեղական, այնպես էլ սփյուռքի ռեսուրսը, ինչպես նաեւ բիզնես ոլորտը»,- ասաց Արսեն Գասպարյանը։

Հանդիպմանը ներկա «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանը նշեց, որ ԼՂՀ կառավարության հետ արդեն պայմանավորվածությունը ձեռք է բերվել։

 «Արցախում ծրագրի հետ կապված մեծ սպասելիքներ կան, ԼՂՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել, ստեղծվելու է բնապահպանական ակումբ, որի շրջանակում տեղի երիտասարդները կամավորական աշխատանքներ են իրականացնելու»,- ասաց Սուսաննա Պետրոսյանը։

«ԷկոԽնձրիստան» նախաձեռնության շրջանակում ստեղծվելու է կամավորների բազա, որտեղ ընդգրկվելու են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։

«Նախաձեռնությունը հասարակական բնապահպանական բնույթ ունի։ Ցանկացած մարդ կարող է մասնակցել կամավորական աշխատանքներին անկախ նրանից՝ բնապահպանական կրթություն ունի, թե այլ։ Օրինակ, եթե անգլերենի դասատու է, ապա մեկ երկու շաբաթ կարող է այս ծրագրի միջոցով մեկնել Արցախ եւ լեզու դասավանդել համայնքի երիտասարդներին»,- ասաց Արսեն Գասպարյանը՝ ավելացնելով, որ ներկայում իրենց միացել է 20 հասարակական կազմակերպություն եւ 70-ից ավելի կամավորներ։

Հանդիպման ընթացքում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահը կարեւորեց ծրագրի իրականացումը նաեւ Արցախի համայնքների բնակիչներին արտագաղթից հետ պահելու տեսանկյունից։

 «Մենք լարվածության պահերին ենք կարծես մենակ հիշում Արցախին, բայց պետք է փորձել հատկապես գյուղական համայնքներում զարկ տալ կյանքի որակի բարձրացմանը, որպեսզի մարդիկ շարունակեն ապրել այդ համայքներում, ոչ թողնեն եւ գնան»,- ասաց Արսեն Գասպարյանը։

Նշենք, որ սա էկոգյուղեր ստեղծելու առաջին նախաձեռնությունն է Արցախում եւ Հայաստանում, որի նպատակն է նպաստել էկոկրթության սերմանմանը, օրգանական գյուղատնտեսության չափանիշներին համապատասխան գյուղատնտեսական արտադրանքի ստացմանը, աղբի տեսակավորման, վերամշակման եւ էներգախնայողության խթանմանը, ինչպես նաեւ էկո եւ ագրոտուրիզմի զարգացմանը։