ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին եւ նրա հետ քննարկել Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի իրականացման ընթացքը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Հունաստանի խորհրդարանին  եւ հույն ժողովրդին`  հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար:

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից սարքավորումներով հագեցած հինգ սպանդանոց հանրապետության տարբեր շրջաններում: Մենք շնորհակալ ենք Հունաստանի կառավարությանը` ճգնաժամային պայմաններում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար», - անդրադառնալով վերոգրյալ ծրագրին` ասել է նախարարը:

Իր հերթին դեսպան Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ խոսքերի համար եւ տեղեկացրել, որ ծրագրի համար պահանջվող սարքավորումների վերջին խմբաքանակը շուտով կառաքվի Հայաստան:  

Պատվիրակության անդամ, սպանդանոցների համար սարքավորումների մատակարար Գ. Խացիոկիմիդիսը հավելել է, որ սեպտեմբերի վերջին Հայաստան կժամանեն հույն մասնագետներ` սարքավորումների տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելու եւ հոկտեմբերի 20-ին շահագործման հանձնելու համար:

Նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաեւ Հունաստանի Հանրապետության Նախագահի առաջիկա այցին Հայաստան, որի ընթացքում Հայաստանի եւ Հունաստանի գյուղատնտեսության նախարարությունները նախատեսում են ստորագրել համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, այցի ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել հայ եւ հույն գործարարների բիզնես-հանդիպում:

Զրույցի ավարտին կողմերը գոհունակություն են արտահայտել իրականացվող ծրագրերի ընթացքի առնչությամբ եւ ցանկություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում: