Վրաստանի հետ փոխհարաբերություններում խնդիրներ չունենալու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության մեծ ցանկությունը կարելի է հասկանալ ու ողջունել։ Սակայն, հարեւան կա՝ հարեւան էլ կա։ Ոմանք առանց պատճառի փորձում են վնասել քեզ, որ տեղդ իմանաս, որովհետեւ նա գիտի ջերմ վերաբերմունքիդ պատճառը։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու երեւանյան այցը ալեկոծեց իրենց վիրահայերի «պաշտպան» համարող հասարակական որոշ շրջանակների։ Սահակաշվիլուն ցանկացան ցույց տալ, որ հարեւան Հայաստան յուրաքանչյուր իր այցի ժամանակ, հիշեցնելու են՝ իր ղեկավարած երկրում հայերի ողբերգական վիճակի մասին։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, որոնք ներկայումս, հյուրընկալ տիրոջ դեր են խաղում, որոշել էին «Միքոյի» տրամադրությունը չգցել, այլ կերպ ասած. չշիկացնել առանց այն էլ լարված իրավիճակը, ընդհակառակը՝ փորձեցին ամեն ինչ անել ստեղծված իրավիճակը մեղմելու համար։ Եվ ահա, բարձրաստիճան հյուրին խայտառակելու անշեղ մտադրությամբ «Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված «մի բուռ հայրենասերներ միտինգավորներին» ցրելու որոշում կայացվեց, ինչպես ասում են՝ շառից, փորձանքից հեռու։ Սա էլ, երեւի, մեր ազգի տխրահռչակ առանձնահատկություններից մեկն է. չենք ցանկանում խայտառակել՝ խայտառակվում ենք ինքներս։ Ինչեւէ, Սահակաշվիլին, բնականաբար, չնկատեց այս քաշկռտուքը, իսկ եթե նկատեց, ըստ երեւույթին՝ նախընտրեց հնարավորիս շուտ մոռանալ։ Վրաստանի թոհուբոհի համապատկերում, հայ ակտիվիստների քաղաքական-հասարակական կամ քաղաքացիական ինքնագործունեությունը, նրա աչքին մանկական խաղ կարող էր թվալ։

Սա չէ կարեւորը…

Ինչո՞ւ է Սահակաշվիլին ժամանել Երեւանը։ Ահա այն կարեւոր հարցը, որը արժանի է մանրամասն ուսումնասիրման։ Եթե Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ իր բանակցությունների հիմքում Ջավախքի հարցն էր, ապա համարձակվում ենք ենթադրել, որ այդ քննարկումները կձգվեին 15 րոպե՝ ոչ ավել։

-Էն Ջավախքում, ո՞նց է վիճակը…

-Հանգիստ մնացեք, աշխատում ենք վերահսկել…

-Դե, եթե ինչ որ խնդիր առաջանա, տեղյակ պահեք, ինչպես ասում են, կօգնենք ինչով կարող ենք։

-Շնորհակալ եմ, մի կերպ ինքներս կլուծենք։

Ահա մոտավորապես նման բնույթի մի խոսակցություն:

Հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սահակաշվիլու վերոհիշյալ «զրույցանմուշում» հարցուպատասխանի հաջորդականությունը կարող է տարբեր լինել, կախված նրանից, թե տվյալ պահին որ կողմն է առնչվում Ջավախքի հոգսերին։ Վրաստանն, այսօր, լուրջ խնդիրներ ունի Հյուսիսում։ Այս պարագայում, Հայաստանը կարող է իր համար երկակի դեր խաղալ՝ օգնել կամ վնասել։ Իսկ, դա կախված է մի շարք գործոններից։ Ամեն դեպքում, Սահակաշվիլին կարող է հույս ունենալ, որ Հայաստանի նախագահին արտահայտած իր «թանկ մտքերն ու առաջարկները» այս կամ այն կերպ կներկայացվեն Մոսկվայում։ Ստեղծված իրավիճակում, երբ Վրաստանի նախագահը այրել է Ռուսաստանին կապող բոլոր կամուրջները, վերոհիշյալ հանգամանքը այդքան ել քիչ բան չէ։ Մյուս կողմից, «ժողովրդավարության փարոսից» մի ակնթարթում եռացող թեյնիկի վերածված Վրաստանը չի կարող չնկատել, թե ինչպես է կորցնում վերահսկողությունը իր հարավային տարածքների վրա։ Ժողովրդագրական, տնտեսական եւ քաղաքական ադրբեջանա-թուրքական տանդեմի ներխուժումը այս երկիր՝ նրան դարձնում է ընդամենը մի նեղլիկ միջանցք երկու թուրք եղբայրների շփման եւ Թուրքիա նավթ ու գազ անցկացնելու համար (այո, Թուրքիա, ոչ թե՝ Եվրոպա, ինչպես ներկայացնում են ադրբեջանցի մեկնաբանները, որպեսզի «քաղցրացնեն» վրացիների բերանը)։ Իսկ, նույն այդ գազը նրանք Վրաստանին հրամցնում են «ռուսական անընդունելի գներով»։ Սահակաշվիլին լավ է հասկանում, որ այս պարագայում էլ Հայաստանի միջնորդական օգնությունը կարող է ակնկալել, եթե իհարկե Հայաստանը մինչ այդ Թուրքիայի հետ չլուծի սահմանների հարցը: Եթե լուծեց, բնականաբար դառնալու է պոտենցիալ մրցակից, իսկ դա Վրաստանի սրտով չէ:

Վրաստանի համար այժմ ամենասարսափելին ազդեցության տակից դուրս գալն է, կարեւր չէ՝ թե ում ազդեցության: Վրաստանը հիմա համախմբված է, քանի որ այնտեղ կարծում են, թե ծայրահեղ դեպքում իրենց հովանավորը կօգնի դուրս գալ անելանելի իրավիճակից: Ահա այս ներքին համոզվածությունն է պատճառը, որ նույնիսկ թուրքական քաղաքական ու տնտեսական հուժկու «ներխուժման» փաստը չի սթափեցնում նրանց եւ չի ստիպում մտածել իրենց ընտրած ուղու ապագայի մասին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Սահակաշվիլուն ընծայված Պատվո շքանշանի փայլը շլացրել է թե հայաստանյան եւ թե ռուս քաղաքագետների աչքերը: Միայն այն տարբերությամբ, որ հայաստանցի դիտորդները այդ հանգամանքին հումորով են վերաբերվում, մինչդեռ Մոսկվայում այն դիտում են առանց հումորի, ամենայն լրջությամբ (դե դա իհարկե իրենց գործն է):

Մնում է հուսալ, որ Վրաստանի նախագահը հարգալից կվերաբերվի իրեն ընծայված շքանշանին ու մեր պատվին եւ հարեւանի ջրի կենսական աղբյուրը չի փակի, նամանավանդ, որ այդ աղբյուրից ինքն էլ է տեղին ու անտեղի օգտվում։