Եվրոպական Միության երկրները կարող են հետ կանչել իրենց դեսպաններին Իրանից: ԵՄ-ն իր այս քայլը պայմանավորում է Թեհրանում Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատների աշխատակիցների եւ օտար լեզուներ դասավանդող մի ֆրանսուհու նկատմամբ սկսված դատաքննությամբ: Երեք եվրոպացիները մեղադրվում են լրտեսության, հակակառավարական ելույթների եւ Իրանում հեղափոխության նախապատրաստման մեջ:

Բրիտանական BBC ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԵՄ երկրների հնարավոր պատասխան քայլերի շարքում դիտարկվում է նաեւ դեսպանների միաժամանակյա հետ-կանչը, նաեւ միացյալ տնտեսական պատժամիջոցների կիրառումը: Այժմ պատասխանի ձեւաչափը համաձայնեցնում է ԵՄ նախագահող երկիր Շվեդիան, որն էլ պաշտոնական Թեհրանին է ներկայացնելու Եվրամիության պատասխանը: