Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ Թուրքիան իր լուման է ներդրել Հայաստանի հետ հարաբերությունների առաջխաղացման գործում:

Լիսաբոն իր այցի ընթացքում` նախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, գրում է թուրքական «Sabah»-ը: Նա հատկապես ընդգծել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակի կարեւորությունը,  որոմ վերջինս ցավակցել էր հայերին` ապրիլի 24-ի նախօրեին:

 «Այդ նամակով մենք ցույց տվեցինք, որ թերթում ենք սրտաճմլիկ իրադարձությունների էջը եւ խաղաղության ձեռք պարզում: Եթե մեր գործընկերները սեղմեն այն, մենք կկարողանանք նոր էջ բացել: Չի կարելի ապագա շարժվել ատելությամբ», - հայտարարել է Բոզքըրը:

Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների ապագան կառուցվելու է փոխադարձ հանդուրժողականությամբ: «Այսուհետ բոլորը պետք է խաղաղ ապրեն եւ մոռանան անցյալի միջադեպերը: Մենք` որպես Թուրքիայի Հանրապետություն,  մեր լուման ներդրել ենք», - ընդգծել է նա`  «մոռանալով» հիշատակել, որ հայ-թուրքական արձանագրությունները սառեցվել են` Անկարայի կողմից Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ նախապայմաններ մտցնելու պատճառով: