Թուրքիան կկարողանա Ռուսաստանի շուկա մատակարարել միայն այն մրգերը, որոնք կհամապատասխանեն որակի ռուսական չափանիշներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իտալական Italiafruit մասնագիտական հրատարակության խմնագիր Միրկո Ալդինուչչին՝ մեկնաբանելով արեւմտյան երկրներից մթերքների ներկրման հանդեպ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներից հետո ռուսական շուկայի հնարավոր կոնյուկտուրային փոփոխությունները:

«Ելնելով դրանից՝ Թուրքիան կարող է ռուսական շուկային առաջարկել զգալիորեն ավելի մեծ քանակությամբ խնձոր, խաղող եւ որակյալ այլ պտուղներ: Իհարկե, դժվար է կանխատեսել, թե որքան ավելի շատ. դա կախված է ոչ միայն այն երկրի արտահանման ծավալների հնարավորություններից, այլեւ էմբարգոյից հետո առաջին ամիսներին համաշխարհային շուկաներում նոր դինամիկայից»,- հավելեց Ալդինուչչին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Ռուսաստանը Եվրամիությունից եւ Նորվեգիայից, ինչպես նաեւ ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ավստրալիայից բազմաթիվ ապրանքների ներմուծման մեկամյա էմբարգո է հայտարարել: