Նիգերիայի զինվորական դատաանը մահվան է դատապարտել 12 զինվորի՝ խռովություններին մասնակցելու համար, գրում է Նիգերիական Punch թերթը։

Նիգերիայի մայրաքաղաքում գտնվող զինվորական դատարանը զինվորներին դատել է խռովության, հանցավոր համաձայնության, սպանության փորձի, հրամաններին չենթարկվելու եւ դրանք չկատարելու, ինչպես նաեւ կեղծ լուրեր հաղորդելու համար։ Զինվորները հերքում են մեղադրանքները։ Տվյալ գործով անցնում է ընդհանուր թվով 18 զինվորական: Հինգն արդարացվել են, զինվորներից մեկը դատապարտվել է 28 օրվա տաժանակրության, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Այս տարվա մայիսին զինվորները Մայդուգուրի քաղաքում  կրակել էին իրենց հրամանատար գեներալ-մայոր Ահմեդ Մուհամեդի վրա:  Դրանից առաջ զինվորները գանգատվել էին զինամթերքի եւ պարենի անբավարարությունից: Բացի դրանից, զինվորականները ղեկավարությանը մեղադրել էին դավադրության մեջ` իրենց ընկերներին սպանելու նպատակով, որոնք հայտնվել էին  «Բոքո Հարամի» գրոհայինների որոգայթում: Երբ ծառայակիցների մարմիններով մեքենաները մոտեցել էին զինվորներին,  ողջ մնացած զինվորները սկսել էին քարեր շպրտել հրամանատարի վրա, իսկ հետո` կրակել:   Հրամանատարին հաջողվել էր  թաքնվել զրահապատ մեքենայում, նա չէր տուժել: