Սերժ Սարգսյանի երազանքը չի իրականանալու. «հրաշալի քառյակը» չի պառակտվելու։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում քառյակի մասին հարցերին այսպես արձագանքեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Քաղաքական պրոցեսները մտել են ակտիվ շրջան, վաղն արդեն քառյակը որոշում կկայացնի եւ կհայտնի հանրահավաքի օրը։ Ես կասեմ, որ այս իշխանությանը դեմ քաղաքական ուժերն ու հասարակության լայն զանգվածը մարտական է տրամադրված, քանի որ ներկայիս վարչախումբն ունի միայն մեկ նպատակ՝ վերարտադրելու իր իշխանությունը, իսկ դա չի լինելու։ Իսկ Սերժ Սարգսյանի երազանքը՝ քառյակին պառակտելու, իրականություն չի դառնալու»,- ասաց նա։
Արման Մուսինյանը համոզված է, որ ոչ իշխանական ուժերը միասին հայտարարի են գալու, ձեւավորեն համատեղ աշխատանքային օրակարգ։ Թե երբ է լինելու քառյակի համատեղ հանրահավաքը. Մուսինյանը հորդորեց չշտապել եւ սպասել սեպտեմբերի 17-ի նիստին։ Լրագրողների հարցին, թե հոկտեմբերի տասից հետո է լինելու, ՀԱԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Մեր հանրահավաքը կապել ԵՏՄ-ի պայմանագրի հետ սխալ է, քանի որ դրանք տարբեր գործընթացներ են եւ ժամկետները միմյանց հետ կապ չունեն»։
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ քառյակի հանրահավաքը նախատեսված է հոկտեմբերի 17-ին։ Հենց օրը որոշելու համար էլ վերջերս ՀԱԿ եւ ԲՀԿ առաջնորդները հանդիպել էին։





























