Հայաստանում լեռնահանքային հատվածի հարկագանձումը շատ ցածր է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշել է, որ բյուջե չեն մտնում ինչպես երկրի ներսում ստվերային շրջանառությունից, այնպես էլ հումքային ապրանքներից, հիմնականում պղնձի կոնցետրատից ստացված զգալի միջոցները: Վերջինս ոչ մի տեսակի հարկման չի ենթարկվում: Նրա խոսքով՝ սա էականորեն կբարդացնի Հայաստանի ապագա անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
«Պետք է լրջորեն փոխել օրենսդրությունը եւ պատասխանել հարցին՝ ինչո՞ւ մեր արտահանվող հումքային ապրանքները եկամուտ չեն ապահովում», - նշեց Սարգսյանը: Պատճառն այստեղ շատ պարզ է, հավելեց նա. ժամանակին «ախպերությունը» հանքահորերի նկատմամբ ապահովել են վերահսկողություն եւ հոգ տարել, որպեսզի արդյունահանման հարկերը հնարավորինս ցածր լինեն:
Նշենք որ Հայաստանի մետաղական հանքավայրերից գանձվող ռոյալթին (բնօգտագործման վճար) միջինում կազմում է 12% (վերջնական դրույքը կախված է ձեռնարկության եկամտից):




























