Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը խանգարում է «Մելլաթ» բանկին, սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտնել է իրանահայ գործարար եւ բարերար Լեւոն Ահարոնյանը: Ըստ նրա՝ նման իրավիճակը խնդիրներ է ստեղծում Հայաստանում իրանական ընկերությունների ֆինանսական գործարքների համար: Նա նշել է, որ դեմ չէ Հայաստանում բանկային գործարքների հանդեպ սեւեռուն հսկողությանը, բայց «Մելլաթի» հանդեպ ճնշումներն այլ պատմություն են:
Ահարոնյանի խոսքով՝ խոշոր գործարքների հանդեպ վերահսկողությունը միջազգային ընդունված պրակտիկա է փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարում: Օրենքն օրենք է: «Մեզանից ամեն գործարքի համար շատ փաստաթղթեր ռւ բացատրություններ են պահանջում, մենք ներկայացնում ենք: Բայց «Մելլաթի» գործարքներին միջամտում է ոչ թե ՀՀ Կենտրոնական բանկը, այլ ԱՄՆ-ի դեսպանատունը», - վրդովվել է գործարարը: Նրա խոսքով՝ որոշ ժամանակ առաջ Հայաստանից Իրան փող է փոխանցել «Մելլաթ» բանկի միջոցով: Հաջորդ օրն իսկ Կենտրոնական բանկ են զանգահարել ԱՄՆ-ի դեսպանատնից եւ բացատրություն խնդրել: «Իհարկե, սյս իրավիճակը մեզ ձեռնտու չէ»,- հավելել է նա:





























