ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել

«Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության

ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին»  Հայաստանի

Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ,

որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը հայտնում է, թե փաստաթղթում չորս կետ է ընդգրկված:

«Հաշվի առնելով միջազգային եւ ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝  Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:

2. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների պետական  սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային եւ այլն) տեղակայումը:

3. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:

4. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը եւ/կամ տարածքային ամբողջականությունը: