Սահմանադրական բարեփոխումների գործընթացը կոչված է գործող իշխանության վերարտադրումն ապահովելուն: Այս մասին սեպտեմբերին 16-ին  սահմանադրական բարեփոխումների թեմայով «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ՀՀ գործող Սահմանադրությունը նույն գործչին արգելում է նախագահի պաշտոնում անընդմեջ մնալ երկու ժամկետից ավելի: «Դա նշանակում է, որ ըստ գործող Սահմանադրության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այլեւս հնարավորություն չի ունենա հավակնելու այդ պաշտոնին: Իշխանությունների հիմնական բլեֆը սահմանադրական բարեփոխումների գործընթացում նոր Սահմանադրությունն ընդունելու գաղափարը սահմանադրական բարեփոխումների փոխարեն ներկայացնելու ձգտումն է», - վստահ է Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ պետական կառավարման համակարգի փոփոխությունը նշանակում է նոր Սահմանադրության ընդունում:

«Իսկ նոր Սահմանադրությունը  քաղաքակիրթ երկրներում ընդունվում է կամ հեղափոխությունից հետո, կամ շրջափակումից ազատվելուց հետո, կամ էլ պատերազմում պարտվելուց հետո. Հայաստանում ոչ մի նման բան չկա: Հայաստանի իշխանությունները փորձում են երկիրը տանել «բանանային հանրապետությունների» ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր իշխանություն իր սահմանադրությունն է պարտադրում», - ընդգծել է ՀԱԿ  խմբակցության ղեկավարը: