Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 21-ին ընդունելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, նրա հետ քննարկել է Հայաստան-ԵՄ 2009-2011 թթ. գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Ա. Բաղդասարյանը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանն առավել ակտիվ կիրականացնի Եվրոպական հարեւանության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներն ու միջոցառումները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես` Ադրբեջանի վերջին սադրիչ գործողություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի նման գործողությունները, ինչպես նաեւ` Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն: Պիտեր Սեմնեբին եւս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ եւ նշել, որ դա պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանա:
Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձեւին` Ա. Բաղդասարյանը նշել է, թե այն բանաձեւերը կամ հայտարարությունները, որոնք միակողմանի են եւ հիմնված չեն լիակատար տեղեկատվության վրա, ստվեր են գցում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա:
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցեր:


























