Ֆիջիի Հանրապետությունում սեպտեմբերի 17-ին խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: Այս երկրի քաղաքացիները պետք է միապալատ խորհրդարանի 50 պատգամավոր ընտրեն: Ընտրություններին մասնակցում է յոթ կուսակցություն,  եւ խորհրդարան կանցնեն նրանք, ովքեր կկարողանան հաղթահարել հինգտոկոսանոց շեմը: Ձայների մեծամասնությունն ստացած կուսակցությունը կընտրի վարչապետին եւ կառավարություն կձեւավորի, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ֆիջիում ներկայիս ընտրությունները կլինեն առաջինը 2006 թ. ռազմական հեղաշրջումից հետո, երբ իշխանության եկավ զինված ուժերի հրամանատար Վորեկե Բաինիմարաման, որը հետագայում դարձավ անցումային կառավարության վարչապետ: 2009 թ.  երկրում դադարեցվել էր Սահմանադրության գործունեությունը, իսկ 2013 թ. ուժի մեջ էր մտել նոր Սահմանադրությունը,  որի հիման վրա էլ կանցկացվեն ընտրությունները: Այդ Սահմանադրության ամենաէական նորամուծությունը  նախկին ընտրատեղամասերի վերացումն է, որոնք ձեւավորվել էին էթնիկ սկզբունքով,  եւ դրանց փոխարեն ստեղծվել է Ֆիջի համազգային ընտրատեղամաս: 18 տարեկանից բարձր բոլոր բնակիչները ձայնի իրավունք են ստացել, եւ ընտրության արդյուքները կամփոփվեն առանց նրանց ազգային պատկանելությունը հաշվի առնելու:  Ընտրողները քվեարկելու են ոչ թե կուսակցության, այլ որոշակի քաղաքական գործիչների օգտին, իսկ այնուհետեւ հանրապետական ԿԸՀ-ն կամփոփի յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցչի ձայները` համամասնական սկզբունքով: