Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության անդամներին:
Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը՝ ողջ աշխարհում Արցախի խնդրի արդարացի ներկայացմանն ուղղված: «Դուք տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնել եք հայության խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի իրական պատմությունը: Վստահ եմ, որ Ձեր հոգատար վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ դարեր շարունակ հիշվելու է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Բարոնուհի Քոքսն ընդգծել է, որ երջանիկ է Արցախի հերոսական ժողովրդին ճանաչելու, դժվարին պահերին նրա կողքին լինելու հնարավորության, Հայաստանի եւ Արցախի այսօրվա ձեռքբերումների ու հաջողությունների համար: Բարոնուհին պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ բրիտանական «Հարթ» հասարակական բարեգործական կազմակերպության կողմից Հայաստանում նախատեսվող ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, ՀՀ կառավարության ծրագրի գերակայություններին:
Հանդիպման ավարտին բարոնուհի Քոքսին եւ նրա պատվիրակության անդամներին Հովիկ Աբրահամյանը պարգեւատրել է անվանական ժամացույցներով:





























