Քաղաքական ցանկացած բարեփոխման հիմքում անձնական շահն է ընկած, սեպտեմբերի 17-ի մամուլի ասուլիսում  հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով այն խոսակցությունները, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել է ապագայում իր համար խորհրդարանի նախագահի աթոռն ապահովելու նպատակով:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույն թիմից են: Նրանք եւ բարձրաստիճան գործիչների մեծ մասը քաղաքականությանը որպես բիզնես են վերաբերվում եւ քաղաքական ասպարեզում գործում են անձնական շահերից ելնելով, ինչը համամարդկային բնական գիծ է: Սակայն կան նաեւ այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք անգամ բանտում մտածում են իրենց ժողովրդի բարեկեցության մասին», - ասել է նախկին այլախոհը:

Ի պատասխան հարցին՝ ինչ արդյունք տվեց հացադուլը, Հայրիկյանը նշել է, որ հասել է դրած նպատակին, իսկ բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե այդ ակցիան ոչ մի իմաստ չուներ, իրենց  տգիտություն են ի ցույց դնում: «Չի կարելի 4 տարի անընդմեջ խոսել Եվրամիության մասին, հետո կտրուկ գնալ հակառակ ուղղությամբ», - ամփոփել է  Հայրիկյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին Ազատության հրապարակում սակավամարդ հանրահավաքի ընթացքում  ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ հացադուլ է անում  հանուն Հայաստանի առողջացման: Մասնավորապես, պահանջել էր Սերժ Սարգսյանի հրաժարականը: