ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է ԱՄՆ Միդլսեքս շրջանի շերիֆ  Փիթեր Քութուջյանին:

Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն եւ լավ գործընկեր է Հայաստանի համար:   Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները եւ Սփյուռքը միասին  եռամիասնություն են եւ մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի: «Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը:

Փիթեր Քութուջյանը, անդրադառնալով իր աշխատանքային գործունեությանը, նշել է, որ բազմաթիվ աշխատանքներ է տարել  պատիժների կատարման, ընտանեկան բռնություններին առնչվող խնդիրների եւ  դատապարտյալների սոցիալական ինտեգրմանը  վերաբերող ոլորտներում: Ներկայացնելով Միացյալ Նահանգներում քրեակատարողական ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ շերիֆը կարեւորել է հարցին մոտենալու ամերիկյան փիլիսոփայությունը. «Պատժում ես՝ նախապատրաստելով ազատության»:

Կողմերն անդրադարձել են հնարավոր գործընկերության շրջանակներին, պրոբացիոն ծառայության Ամերիկյան առաջավոր փորձին եւ երկու երկրներում պատիժների կատարման հարցերին:

Հանդիպման ավարտին նախարարը ուղենշել է հետագա համագործակցության հնարավոր եզրերը եւ հստակեցրել առաջիկա անելիքները:

Տեղեկացնենք, որ 2011-ից Փիթեր Քութունջյանը  Մասաչուսեթս նահանգի շերիֆն է: 2013-ին նրան հաջողվում է շրջանի ամենից շատ փնտրվող հանցագործներին բերման ենթարկել, ամբողջ շրջանում փակվում է  մոտ 50 ընդհատակյա հաստատություն: 2013-ին ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հրամանագրով Քութուջյանին շնորհվում է նախագահական շքանշան երկրի ներքին անվտանգության ապահովման ոլորտում մատուցած ծառայությունների համար:

2013-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ  Բակո Սահակյանը Քութուջյանին պարգեւատրել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ԼՂՀ միջազգային ճանաչման գործունեության պաշտպանության համար երախտապարտության շքանշանով»: