Ռուսաստանից Կենտրոնական Ասիա, Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս դրամական փոխանցումները 2014թ. առաջին քառորդում վերջին հինգ տարում առաջին անգամ նվազել են տնտեսական անկման հետեւանքով: Այս մասին ասված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցում (ՎԶԵԲ):
Փոփոխություններն ամենից շատ անդրադարձել են Ուզբեկստանի եւ Մոլդովայի վրա, զգալի տուժել է նաեւ Հայաստանը:
Ռուսաստանի հանդեպ մի շարք երկրների տնտեսական խոցելիության ինդեքսով ազդեցության ամենաբարձր աստիճանը Բելառուսում եւ Տաջիկստանում է, հաջորդում են Հայաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան եւ Ուկրաինան:
Ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ը նվազեցրել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելյան Եվրոպայի տնտեսական աճի կանխատեսումները՝ ուկրաինական ճգնաժամի, ինչպես նաեւ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցների հետ կապված:
Բանկի կանխատեսումներով՝ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2014թ. կկազմի 3%, ինչը համընկնում է այս տարվա մայիսի կանխատեսմանը: 2016թ. կանխատեսվում է ՀՆԱ-ի 3.5 %-անոց աճ: Ուկրաինայում, համաձայն ՎԶԵԲ-ի կանխատեսման, այս տարի ՀՆԱ-ի 9%-անոց նվազում կդիտվի:




























