Նա նշել է, որ 2006-13թթ. Հայաստանում նախատեսվում էր կառուցել եւ վերանորոգել 74 դպրոց՝ ընդհանուր 33 մլրդ դրամով...

Հայաստանի դպրոցները կրկին վերակառուցման կարիք ունեն, սեպտեմբերի 18 –ին լրագրողներին ասել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Նա նշել է, որ 2006-13թթ. Հայաստանում նախատեսվում էր կառուցել եւ վերանորոգել 74 դպրոց՝ ընդհանուր 33 մլրդ դրամով (81 մլն դոլար): Բայց ֆինանսավորումն ուշանում է, դեռ 11 մլրդ էլ չի հատկացվել, իսկ դպրոցներից ոչ մեկը ամբողջությամբ կառուցված չէ:

Բացի այդ, ժամանակին հաստատելով շինարարության եւ վերանորոգման նախագծերը՝ կառավարությունը լիարժեք ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունությանը: Արդյունքում դրանցից շատերը չեն համապատասխանում սեյսմիկ պահանջներին: «Ցավոք, ժամանակին այդ նախագծերը հաստատվել էին: Իսկ հիմա այդ դպրոցները ստիպված ենք զրոյից կառուցել: Հետեւաբար՝ պետբյուջեի գումարները անարդյունավետ են վատնվել», -նշել է  Զաքարյանը: