ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ, Ֆլորիդայից հանրապետական Գաս Բիլիրակիսը դարձել է Կոնգրեսում հայկական հարցերով խմբի նոր փոխնախագահ Հանրապետական կուսակցության կողմից: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի հայ դատի գրասենյակում՝ ողջունելով Բիլիրակիսի նշանակումը որպես գործչի, ով վաղուց զբաղվում է Ամերիկայի հույների եւ հայերի հարցերի լուծմամբ:
«Հիանալով ամերիկահայերի հնարամտությամբ, ձեռներեց ոգով ու աշխատանքային էթիկայով՝ ես շատ ուրախ եմ դառնալ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերով խմբի փոխնախագահ»,- հայտարարել է կոնգրեսականը:
«Ես հայ ժողովրդի վաղեմի բարեկամն եմ ու Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից՝ 1,5 մլն անմեղ հայ տղամարդկանց, կանանց եւ երեխաների կոտորած օսմանների կողմից: Ես անհամբեր սպասում եմ Կոնգրեսում իմ գործընկերների հետ աշխատանքին, որպեսզի օգնեմ ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները եւ ամուր հարաբերություններ կառուցել հայկական սփյուռիք հետ: Բացի այդ, որպես Կոնգրեսում հունական հարցերով խմբի համանախագահ, ինչպես նաեւ Կոնգրեսում հույն-իսրայելական միության հիմնադիր ու համանախագահ, ես շատ ուրախ եմ օգնել ամրապնդել Հայաստանի հարաբերությունները Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի հետ՝ էներգետիկ անկախության բարձրացման եւ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական անվտանգության բարձրացման նպատակով»,- հավելել է Բիլիրակիսը:





























