Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ադրբեջանի հունիսի 18-ի դիվերսիան անվանել է «ցավալի միջադեպ», որը վկայում է, թե շփման գոտում իրավիճակը լարված է եւ կարող է հեշտությամբ դուրս գալ վերահսկողությունից: Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ լարվածությունը մեղմելու համար, ինչը կնպաստի նաեւ բանակցությունների ընթացքում լուծումներ գտնելուն:
Մեկնաբանելով այն փաստը, որ ադրբեջանական հարձակումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուգում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումից անմիջապես հետո, եւ որ Հայաստանի արտգործնախարարը «սադրիչ գործողություն» է որակել տեղի ունեցածը, Սեմնեբին գերադասեց արձագանքել առանց գնահատականներ տալու` շեշտելով, թե չի ցանկանում պատճառների մասին խոսել, քանի դեռ «տեղեկությունները երկրորդ աղբյուրից են ստացված»:
Խոսելով Էդվարդ Նալբանդյանի տված գնահատականի մասին՝ պաշտոնյան ասաց, թե «բառերի ուշադիր ընտրությունը ակնհայտորեն օգտակար կլինի բանակցությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու առումով»։
Սեմնեբին հերթական այցով Հայաստան է ժամանել 2 օր առաջ, արդեն հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Նշենք, որ Փիթեր Սեմնեբիի արձագանքը պարզապես զայրութ է առաջացնում: Ավելի հաճախ Բաքու այցելող եվրոպացի պաշտոնյան, չբարեհաճեց խոսել հիմնական պատճառներից: Փոխանակ Սեմնեբին համապատասխան ձեւով քննադատեր Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների չդադարող ռազմատենչ հայտարարությունները, Հայաստանի արտգործնախարարին խորհուրդ տվեց բառերը ուշադիր ընտրել: Ադրբեջանական նավթը, թերեւս, որոշ եվրոպացիների համար շարունակում է մնալ առաջնային:




























