Սեւանի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր հայտարարեց, որ պետական ծրագրով Սեւանի մակարդակը 2029 թ. կհասցվի ծովի մակերեւույթից բարձր 1903.5 մետր նիշին, այսիքն` 3.5 մետր ավելի բարձր, քան ներկայում է: Դա թույլ կտա Սեւանի մաքուր ջրի պաշարները հասցնել 42 մլրդ խոր. մետրի` ներկայիս 35 մլրդ-ի փոխարեն:

Ջրի բարձրացումը, ըստ Մովսիսյանի, որոշ խնդիրներ է հարուցել: Ջրի տակ են հայտնվելու ոչ միայն առափնյա շինությունները, այլեւ տրանսֆորմատորային 2 ենթակայան, ոռոգման 4 ենթակայան, մոտ 22 կմ գազամուղ եւ 3393 հա անտառ: Արդեն իսկ ողողվել են Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր եւ Ծափաթաղ գյուղերի մերձակա ճանապարհահատվածները, վտանգված է Լճաշենի ճանապարհի շինարարությունը: Ըստ Մովսիսյանի` 44 մլրդ դրամ է հարկավոր (մոտ 115 մլն դոլար) Սեւանի խնդիրը համալիր լուծելու համար, որը ներառում է նաեւ ջրի մաքրության, կենսաբազմազանության եւ էկոլոգիական պաշտպանվածության ապահովումը: 

Մովսիսյանի տեղեկացմամբ` ամառային սեզոնին (հունիսի1 - դեկտեմբերի 1 ժամանակահատվածում), կապված ոռոգման հետ, Սեւանի մակարդակը միջինը նվազում է 21 սմ-ով, սակայն այս տարի սպասվում է, որ նվազումը կկազմի 36-37 սմ: Դա Մովսիսյանը բացատրեց նրանով, որ սեպտեմբերի 1-ից վերանորոգման պատճառով դադարեցվելու է ջրի հոսքը Արփա-Սեւան թունելով, բացի այդ՝ մշակովի հողատարածքների ավելացման հետեւանքով Սեւանից բաց է թողնվելու 144.5 մլն խոր. մետր ջուր: