Հակամարտությունների կարգավորման հարցերով Հունաստանի հատուկ ներկայացուցիչ Խարալամպոս Խրիստոպուլոսը երկօրյա այցով ժամանել է Թբիլիսի, հաղորդում է GHN վրացական գործակալությունը։ Նա հանդիպումներ է անցկացնում Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Մինչ վրաստանյան այցը՝ Խրիստոպուլոսը հանդիպումներ էր ունեցել Մոսկվայում։
Վրաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սերգի Կապանաձեի կարծիքով, այն բանից հետո, երբ Ռուսաստանը վետո է դրել Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատի երկարաձգման որոշմանը, Խրիստոպուլոսը վրացական կողմի հետ կքննարկի Թբիլիսիում ԵԱՀԿ գրասենյակ բացելու, ինչպես նաեւ Ժնեւյան բանակցությունների հարցեր։ Կապանաձեն նաեւ նշել է, որ չնայած Եվրամիությունը ամրապնդել է հակամարտության գոտում իր առաքելության գործառույթները, այս առաքելությունը չի կարող մինչեւ վերջ կատարել իր գործը։ Ըստ Կապանաձեի, առաքելության ներկայացուցիչները մշտապես ագրեսիա են զգում Ռուսաստանի կողմից:




























