Հարավային Իլինոյսի եւ Կոռնելի համալսարանի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել, որի ընթացքում պրոֆեսիոնալ դերասանուհու են վարձել, ով պետք է մասնակցեր ուսումնասիրությանը՝ հագնելով «գեր կնոջ հանդերձանք»:
Նա պետք է մասնակիցների խմբի ներկայությամբ իրեն կերակուր ընտրեր առաջարկված ուտեստներից՝ ինչպես գեր կնոջ հանդերձանքով, այնպես էլ իր սովորական տեսքով: Նման հնարավորություն առաջարկվել էր նաեւ կամավորներին, որոնք կարող էին մոտենալ սեղանին եւ ընտրել մակարոն կամ աղցան:
Գիտնականները պարզել են, որ երբ դերասանուհին սնունդ է ընտրել գեր կնոջ կերպարով, մասնակիցներն ընտրել են մակարոն, իսկ երբ իր սովորական տեսքով է եղել, աղցան են նախընտրել:
Այս փորձը գիտնականներին թույլ է տվել եզրակացնել, որ մարդիկ մոռանում են առողջ սննդի օգտակարության մասին, երբ գտնվում են ավելորդ քաշ ունեցող մարդկանց միջավայրում: Ուսումնասիրության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ մարդիկ կարող են ավելի շատ ուտել անառողջ սնունդ, երբ ճաշում են գեր մարդու հետ:
Ուսումնասիրության հեղինակները հայտարարել են. «Այս ուսումնասիրության նպատակն է պարզել` ազդում է արդյոք ավելորդ քաշ ունեցող մարդկանց ներկայությունը առողջ կամ անառողջ սննդի ընտրության վրա, եւ որոշել` արդյոք դրա ազդեցությունից է կախված, թե ինչ է ուտում սեղանակիցը»:





























