Սարսափելի վատ պայմաններ, հակահիգիենիկ վիճակ, անմարդկային վերաբերմունք, վիրավորանքներ, իսկ արդյունքում մաշկային խնդիր, այսպիսին էր քաղաքացի Նոնա Հովսեփյանի եւ նրա 3-ամյա որդու այցը Բաղրամյան պողոտայում գտնվող «Սոնյա Բարսեղյան» մանկական լողավազան: Ծնողը դիմել է NEWS.am-ի խմբագրությանը՝ պատմելով իր գլխին եկածը:

Նա նշեց, որ  սեպտեմբերի 17-ին գնացել էին այդ լողավազան, որպեսզի ծանոթանան պայմաններին:  Հակահիգիենիկ վիճակը սկսվում էր միջանցքներից, հանդերձարանից, ջրի մեջ քլորը շատ էր, ջերմաստիճանը՝ առավելագույնը 28, կոշիկներով հասնում էին մինչեւ լոգարան, աշխատակիցներն էլ երկուսն էին՝ մարզիչն ու տնօրենը: 

Քանի որ փորձաշրջան չկար, մայրը ստիպված 10 հազար դրամ էր վճարել եւ աբոնիմենտ հանել՝ չկռահելով, որ իրենց բալիկը ոչ միայն այդ 8 պարապմունքից չի օգտվի, այլեւ միակ, առաջին եւ վերջին պարապմունքը կտեւի 20 րոպե:

«Հաջորդ պարապմունքին երեխային լացելով մտցնում ենք լողավազան եւ դուրս գալիս, որ հարգարժան մարզիչը համոզեր 3 տարեկան երեխայիս, կարողանար ջրում պահել, ու ինչ ենք լսում կողքից՝ Ռաֆո, մի զռա, ոտերդ շարժի, հետո լսում ենք, թե ինչպես մի ուրիշ երեխայի ասում են՝ աղջի հորդ քյալեն եւ նման բաներ: Մոտենում եմ տնօրենին, ասում, որ երեխան չի ուզում գալ, լացում է ու մեզ դուր չի գալիս ձեր մարզիչի վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Ես պահանջում եմ իմ աբոնիմենտի գումարը, տնօրենը՝ տիկին Սոնյան, սկսում է գոռգոռալ, թե ձեր լակոտին վերցրեք, ռադներդ քաշեք ու նման բաներ: Համառության շնորհիվ գումարս հետ եմ վերցնում»,-պատմեց մայրը:

Նոնա Հովսեփյանը նշեց, որ դրանից հետո երեխայի կրծքավանդակի հատվածում գորտնուկ էր առաջացել եւ մաշկաբանի մոտ տանելուց հետո առաջին հարցը հետեւյալն էր՝ լողավազան մտել է:

Կինը նաեւ պատմեց, որ տնօրենը սպառնում էր ամուսնուն, թե դուք գնացեք, ես ձեր հետ ուրիշ լեզվով կխոսեմ, ձեր հեռախոսահամարն էլ ունեմ, հասցեն էլ:

Մայրը շատ մտահոգված է երեւանյան լողավազանների վիճակից՝ սկսած հիգիենայից վերջացրած վերաբերմունքից: