Ֆրանսիական ավիափոխադրող Air France-ը հրաժարվել է  Transavia մասնաճյուղի զարգացման իր պլաններից՝ օդաչուների զանգվածային տեւական գործադուլի հետ կապված, հայտնում է AFP-ն:

Ավելի վաղ Air France-ի ղեկավար Ալեքսանդր դը Ժյունյակը օդաչուներին ընդառաջ գնալու  եւ ամենաքիչը մինչեւ դեկտեմբեր Transavia-ի զարգացման պլանները հետաձգելու պատրաստակամություն էր հայտնել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հենց այս դուստր ձեռնարկության օգտին կողմնորոշումն էր դարձել գործադուլի հիմնաքարը:

Air France – ի օդաչուները մտավախություն ունեն, որ  Պորտուգալիայում գրանցված Transavia-ի արտոնությունները վտանգի տակ կդնեն Ֆրանսիայում աշխատատեղերի զգալի մասի գոյությունը եւ պահանջում են, որպեսզի աշխատավայրը փոխելիս իրենց համար ապահովեն նույն աշխատավարձերը եւ սոցիալական երաշխիքները: