Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից հայտնում են, թե կողմերը կարեւորել են միջմարզային համագործակցության շարունակականությունն ու հետագա խորացումը՝ նկատելով, որ ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ կան: ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ անդրադառնալով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Հայաստանի մարզերի եւ Մորավո-Սիլեզյան երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ հնարավոր համագործակցություն ծավալել:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Նույն օրը խորհրդարանական պատվիրակությունն այցելել է նաեւ Մարլենկա միջազգային ընկերություն, որն իր ապրանքատեսակներն է արտահանում աշխարհի շուրջ 35 երկիր:





























