Մինչեւ ուսումնական տարվա ավարտ  Երեւանի «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի յուրաքանչյուր դասարանում լինելու է առնվազն մեկ էլեկտրոնային գրատախտակ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` ավելացնելով, որ կրթահամալիրում արդեն իսկ գործում են 21 էլեկտրոնային գրատախտակներ, առաջիկա մեկ ամսվա ընթացում ծրագրվում է ձեռք բերել եւս 10-ը, իսկ մինչեւ տարեվերջ կրթահամալիրի յուրաքանչյուր դասարան կունենա իր էլեկտրոնային գրատախտակը:

«Էլեկտրոնային գրատախտակի կիրառումը այժմ դարձել է ուսուցման գործընթացի կարեւոր բաղադրիչ, այն համակարգիչներ եւ ինտերնետ ունենալուց հետո հաջորդ քայլն է»,-ասաց Բլեյանը` նշելով, որ էլեկտրոնային գրատախտակների կիրառումն ակնհայտորեն ավելի արդյունավետ է դարձնում ուսումնական գործընթացը:

Էլեկտրոնային գրատախտակը միացված է համակարգչին, որն ունի ինտերնետ: Ուսուցիչներն անմիջապես ինտերնետի միջոցով կարողանում են աշակերտներին ցույց տալ դասի վերաբերյալ նկարներ, քարտեզներ, բառարաններ: Կրթահամալիրի տնօրենի կարծիքով` կրթական պրոցեսում էլեկտրոնային գրատախտակների կիրառումն ավելի է ակտիվացնում թե’ ուսուցիչներին, եւ թե’ աշակերտներին, մղում նրանց հետազոտական աշխատանքի:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը էլեկտրոնային գրատախտակներ ձեռք է բերել` կիսով չափ կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցներից, իսկ մյուս կեսը վճարել են ծնողները` 4 ամսվա ընթացում: Ա. Բլեյանի խոսքով` նման գրատախտակներով դասապրոցեսի կարեւորությունը գիտակցելով ծնողները երբեմն պատրաստակամություն են հայտնում դրանց համար վճարելու:

Տեղեկացնենք, որ մեկ էլետրոնային գրատախտակը, պրոյեկտորը եւ համալրիչ սարքերը միասին արժեն 1 մլն 300 հազար դրամ:

«2007 թվականից Հայաստանում սկսեցին հայտնվել էլեկտրոնային գրատախտակներ, սակայն երեք տարվա ընթացքում 50 դպրոցից միայն մեկը ունեցավ էլեկտրոնային գրատախտակ»,- ասաց Բլեյանը` ավելացնելով, որ էլեկտրոնային գրատախտակ չունենալը ունի շատ պարզ բացատրություն` դրա անհրաժեշտությունը պարզապես չկա:

Բլեյանի խոսքով` 2004 թվականից սկսած Համաշխարհային բանկի միջոցներով Հայաստանում «Կրթության որակի համապատասխանության» ծրագրով բարեփոխումներ են իրականացվում: Այդ ծրագրով 1000-ից ավել դպրոցներ ունեն արդեն համակարգիչներ եւ ինտերնետ, բազմաթիվ  ուսուցիչներ են վերապատրաստվել, սակայն, ըստ Բլեյանի` այդ ամենի կիրառումը զուտ ձեւական բնույթ է կրում:  

«Նորարարական կրթություն ասվածը այժմ զուտ ձեւական բնույթ է կրում, հակառակ պարագայում այն պետք է շարունակական զարգացման մեջ լիներ: Եթե իրական եւ խորքային լինեին այդ փոփոխությունները, ապա այժմ մենք պետք է շատ ավելի առաջ լինեինք եւ ինովացիոն նախագծերի թիվը շատ ավելին պետք է լիներ»,-ասաց Բլեյանը: