Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22-ին հանդիպում է ունեցել դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ համագործակցության բազմակողմ ձեւաչափերի հնարավորություններն իրացնելուն առնչվող հարցեր:

ՀՀ նախագահը նշել է, որ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներն առաջ են մղում քաղաքական երկխոսությունը եւ հնարավորություն ընձեռում խորացնելու Գերմանիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հայ-գերմանական համագործակցությունը դիտարկում է նաեւ որպես կարեւոր բաղադրիչ եվրաինտեգրման գործընթացում:

Կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանը` նշելով, որ Հայաստանում մոտ ութ տասնյակ գերմանական կապիտալով ընկերությունների առկայությունը լավ հիմք է` ընդլայնելու համագործակցությունը ներդրումային ոլորտում:

Խոսվել է նաեւ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցության մասին: Նախագահն ասել է, որ Հայաստանի հետ համագործակցող դոնոր երկրների շարքում Գերմանիան երկրորդն է աջակցության ծրագրերի ծավալով, եւ որ այդ ծրագրերը  էական նշանակություն ունեն մեր տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների առումով:

Նախագահ Սարգսյանն ու կանցլեր Մերկելը քննարկել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները: Սերժ Սարգսյանը ողջունել է Գերմանիայի հավասարակշիռ քաղաքականությունը տարածաշրջանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Նախագահ Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ Ադրբեջանը չի խորշում անընդհատ բարձրաձայնել այն ռազմական ճանապարհով լուծելու անթաքույց նկրտումների մասին, այդպիսով վտանգելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլեւ տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես: Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` ՀՀ Նախագահն ափսոսանք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորմանն ու Եվրոպայում վերջին փակ սահմանի բացմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը մնացին անարդյունք Թուրքիայի` գործընթացն այլ նպատակներով օգտագործելու եւ  բանակցությունների համաձայնեցված սկզբունքներից հրաժարվելու պատճառով:

Կողմերը կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առանց նախապայմանների առաջ շարժվելու,  իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու   անհրաժեշտությունը,:

Հանդիպման ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը եւ կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել մամուլի կարճատեւ ասուլիսով: