Աբովյանի շախմատի դպրոցի շենքի հարցը վերջնականապես լուծվել է: NEWS.am-ի հետ զրույցում դպրոցի հիմնադիր տնօրեն, միջազգային գրոստմայստեր Նաիրա Մովսիսյանը հայտնեց, որ Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանն իրեն պատկանող տարածքը նվիրել է Հայաստանի շախմատի ակադեմիային:

«Չնայած դպրոցի առաջին հարկը սեփականշնորհել էր նախկին քաղաքապետն ու մեզ բոլորիս հանձնարարել ազատել տարածքը, այնուամենայնիվ, նա շենքը նվիրեց մեզ: Հիմա եւ առաջին, եւ երկրորդ հարկերը մենք օգտագործում ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսին Աբովյանի շախմատի դպրոցի ծնողները բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ահազանգելով, որ դպրոցի ապագան վտանգված է: 2006թ.-ից բացված դպրոցը տարիներ շարունակ պատկանել է քաղաքապետարանին, սակայն օրեր առաջ «հայտնվել է» սեփականատեր Կարապետ Իսրայելյանն ու հայտարարել՝ տարածքն ազատել: Ծնողները խնդրում էին ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահին հարցին լուծում տալ: