Կանխամտածված առերեւույթ սնանկության վիճակ ստեղծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել «Բարվոք-Շին» ՍՊ ընկերության տնօրենի  նկատմամբ:

Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողի կողմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունը պարզել է, որ «Բարվոք-Շին» ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը կանխամտածված ստեղծել է  անվճարունակության հատկանիշներ: Մասնավորապես՝ 2009թ. առաջին եռամսյակի ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական  գործունեության արդյունքում ԱԱՀ-ի մասով հաշվարկված 8 մլն 928 հազար դրամ հարկային պարտավորությունը պետբյուջե չվճարելու նպատակով 2009թ. հուլիսի 18-ին ընկերության դրամարկղից առանց հիմնավորման ելքագրել եւ ստացել է 14 մլն դրամ գումար՝ այդ կերպ չկատարելով ինչպես վերոհիշյալ, այնպես էլ  հետագայում հաշվարկված 39 մլն 655 հազար դրամ հարկային պարտավորությունները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ  ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու համար: