ԱՄՆ Կոնգրեսի անդամները շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք դատապարտում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակումը սիրիական Դեյր Զոր քաղաքի հայկական եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության հուշարձանի վրա: Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից:
Կոնգրեսական Ադամ Շիֆը հարձակումն անվանել է «սարսափելի բարբարոսության եւս մեկ օրինակ, որն Իրաքում եւ Սիրիայում միլիոնավոր մարդկանց է ահաբեկում»: «Փաստը, որը եկեղեցին կառուցվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին, հատկապես վառ եւ սարսափելի նախագուշակն է, թե «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն»-ն ինչպես է վարվելու Սիրիայի քրիստոնյաների հետ, եթե շարունակի տարածքներ նվաճել»,- նշել է Շիֆը:
Իսկ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սենդի Լեւինը գրել է. «Ես խստորեն դատապարտում եմ «Իսլամական պետության» կողմից Սիրիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի պղծումը, որի մասին տեղեկացանք վերջերս»:
Ամերիկայի Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ. «Անհանդուրժողականության այս ակտը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ուղղված էր Ցեղասպանության զոհերի հիշատակի սրբազան վայրի ոչնչացմանը, իր վրա Թուրքիայի քաղաքականության հետքն է կրում: ԱՄՆ-ի հայերն ամբողջ աշխարհի հավատացյալ մարդկանց հետ վրդովմունք են արտահայտում Սիրիայի Դեյր Զոր քաղաքի հայկական եկեղեցու եւ Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծման եւ կործանման կապակցությամբ»,- ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան նույնպես դատապարտել էին Դեյր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը:




























