«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորված, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի փաստաբանի միջնորդությունը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Երեմ Սարգսյանը:
Նախաքննական մարմինը մերժել է վերացնել սպանության փորձի մեղադրանքը՝ պատճառաբանելով, որ այս փուլում որեւէ հիմք չկա մեղադրանքը վերացելու եւ իրենց կողմից տրված որակումը ճիշտ է:
Այժմ որոշել են բողոք ներկայացնել Գլխավոր դատախազին:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը:




























