Արցախի ժողովուրդն արդեն կատարել է  իր ընտրությունը, որն անկախության է հանգեցրել: Այդ ազատության եւ անկախության համար այդ ժողովուրդը նույնիսկ բարձր գին է վճարել: Այդ մասին ԼՂՀ Ազգային Ժողովում հայտարարել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը, հաղորդում է «karabakh-open.info»-ն:

«Եվ ոչինչ աշխարհում չի կարող կասկածի տակ դնել Արցախի ժողովուրդի ձգտումը կառուցել ազատ, անկախ երկիր՝ հիմնված համընդհանուր արժեքների վրա, որոնք կիսում են նաեւ առաջադեմ պետությունները»,- հայտարարել է ֆրանսիացի սենատորը:

Նա ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության լուծման բացառապես խաղաղ եղանակը՝ հիմնված ազգի ինքնորոշման սկզբունքի վրա:

Միեւնույն ժամանակ Ֆիլիպ Կալտենբախը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ եւս մեկ առիթ կդառնա, որպեսզի «Ֆրանսիայի նախագահը հաստատի վստահությունն այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով՝ հիմնված ազգի ինքնորոշման սկզբունքի վրա:

Ընդգծելով Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը բանակցային գործընթացին՝ ֆրանսիացի խորհրդարանականը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ այդ թվում նաեւ Արցախում: «Մենք բոլորս ցանկանում ենք հեռացնել Արցախի սահմանից պատերազմի վտանգը, ինչը կարագացնի այդ երկրի զարգացումը: Իսկ այդ սպառնալիքի վկան մենք դարձանք հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին, ու դա համոզեց, որ վտանգը դեռ կա»,- եզրափակել է Կալտենբախը: