Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ այդ պատասխանատու առաքելության մեջ:
Հանրապետության նախագահը, ԵԽ գլխավոր քարտուղարի խնդրանքով, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ գործընթացում երկուստեք կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀՀ սահմանդրական բարեփոխումների գործընթացին: Թորբյորն Յագլանդը կարեւորել է գործընթացը եւ դրան Վենետիկի հանձնաժողովի մասնակցությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը վերահաստատել է այդ գործընթացին ԵԽ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը եւ վստահություն հայտնել, որ դա կնպաստի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա Հայաստանի եւ նրա հասարակության զարգացմանն ուղղված բարեփոխումների գործընթացն էլ ավելի խորացնելուն:





























