Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան Պրի կարգի շախմատային հինգերորդ մրցաշարի բացմանը ներկա էր ՖԻԴԵ-ի փոխնախագահ և Մալթայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ջեֆրի Բորգը։ Պարոն Բորգը սիրով համաձայնեց զրուցել ու պատասխանել NEWS.am-ի թղթակցի հարցերին։
Շատ հաճելի է ձեզ տեսնել Հայաստանում, և օգտվելով առիթից, կցանկանայինք իմանալ Հայաստանից ու Ջերմուկից ստացած ձեր տպավորությունների մասին։
Ես այստեղ ինձ հոյակապ եմ զգում, դուք հիանալի երկիր ունեք, մարդիկ այստեղ շատ բարյացկամ են և շատ են սիրում շախմատ։
Ինչո՞ւ եք դուք ընտրել հենց Ջերմուկը։
Պետք է ասեմ, որ սա այն տեղերից մեկն է, որտեղ պետք է զարգանա զբոսաշրջությունը։ Իսկ ինչ վերաբերում է Ջերմուկի բնական գեղեցկությանը, ապա այստեղ ամեն բան պարզ է և առանց խոսքերի՝ սա աշխարհի գեղեցկագույն վայրերից մեկն է։ Կկրկնվեմ, եթե ասեմ, որ մարդիկ այստեղ շատ բարյացկամ են և հյուրասեր, իսկ սնունդը՝ հոյակապ։ Այնպես որ, դուք ունեք մրցաշարը հիանալի կերպով անցկացնելու բոլոր բաղկացուցիչները։ Հավանաբար, հարկավոր է մի փոքր լավացնել ենթակառուցվածքը, ինչը օգտակար կլինի Ջերմուկին այլ մրցաշարերի ու միջոցառումների կազմակերպման հարցում։
Երբ դուք Հայաստան էիք գալիս, ո՞ր հարցն էր Ձեզ առավել հուզում։
Ինտերնետի հետ կապված հարցը, քանի որ հարկավոր էր այստեղից տեղեկատվությամբ ապահովել ողջ աշխարհը։ Սակայն անհրաժեշտ բոլոր աշխատանքներն արդեն արված են, և այդ հարցում ոչ մի խնդիր չկա։ Իսկ ինչ վերաբերում է այլ հաճույքներին՝ լողավազանին, մարզադահլիճին և այլքին, ապա դրանք բոլորն այստեղ առկա են։ Շախմատիստներն ապահովված են տառացիորեն ամեն ինչով, այնպես որ նրանք բողոքելու առիթ չեն ունենա։ Մրցաշարի կազմակերպիչներն իրենց բարձրունքում են։
Անդրադառնալով շախմատին, կցանկանայինք իմանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցաշարից։
Այն կարող է նմանատիպ այլ միջոցառումների խթան հանդիսանալ։ Եվ սա լավ հնարավորություն է Լևոն Արոնյանի համար, քանզի եթե նա հաղթի այստեղ, ապա կդառնա ողջ Գրան Պրիի հաղթողը։
Իսկ ինչպե՞ս եք գնահատում մրցաշարի մասնակիցների հնարավորությունները։
Ըստ իս, ամենամեծ հնարավորությունն ունի ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, որը երիտասարդ ու շատ հառանկարային շախմատիստ է։ Նա շատ արագ է աճում և կատարելագործվում։ Եվ եթե հաղթանակը լինի նրանը, ապա այդ դեպքում ընդհանուր հաղթողի հարցը կորոշվի Գրան Պրիի վերջին մրցաշարում։ Հարկավոր է ընդգծել, որ այստեղ շատ են սուպեր-խաղացողները՝ Կամսկին, Կարյակինը, Իվանչուկը… մասնակիցներից յուրաքանչյուրի համար շատ բարդ է լինելու, քանի որ սա սուպեր-մրցաշար է։ Եվ վարկանիշային աղյուսակում բոլոր շախմատիստները շատ մոտ են միմյանց, այնպես որ շատ դժվար պայքար է ընթանալու։
Որքանո՞վ է էական հոգեբանական պատրաստվածության դերը նման մրցաշարերում։
Գիտեք ինչ, տղաներից մի քանիսը դեռևս 3-4 օր առաջ մասնակցում էին այլ մրցաշարերի, և նրանց համար շատ սուր է կլիմայափոխության հարցը։ Սակայն մյուս կողմից, այսպիսին է շախմատային կյանքը, նրանք արդեն վարժվել են այդպիսի ռիթմին։ Այնուամենայնիվ, դա կարող է որոշիչ դեր կատարել։ Անհնար է գերագնահատել նաև աջակցության դերը, որը կստանան հայ շախմատիստները իրենց հայրենակիցներից, այնպես որ հայ շախմատիստներն այդ առումով ավելի շահեկան դիրքում են։
Հատկապես, եթե հաշվի առնենք, որ հայ երկրպագուներն իրենց սիրելիների համար բավական զգացմունքայնորեն են անհանգստանում…
Ես դրանում անձամբ եմ համոզվել, քանի որ շատերը մոտենում են ինձ, հարցնում, թե արդյոք ես շախմատիստ եմ, թե ոչ (ծիծաղում է)։ Մարդիկ այստեղ շատ են սիրում և գնահատում շախմատը։ Այնպես որ, ես վստահ եմ, որ ողջ մրցաշարի ընթացքում այստեղ ներկա կգտնվեն բազմաթիվ երկրպագուներ։
ՖԻԴԵ-ն հայտարարել է Գրան Պրի մրցաշարերի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին։ Որոշ շախմատիստներ, իրենց հերթին, հայտարարեցին, որ դրանք նպատակահարմար չեն, իսկ նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը ընդհանրապես հրաժարվեց մասնակցությունից։ Ի՞նչ է ձեռնարկելու այդ կապակցությամբ ՖԻԴԵ-ն, որպեսզի ապահովի շախմատային մեծ ընտանիքի միասնությունը և խուսափի պառակտումից։
Հարկ է նշել, որ տղամարդկանց շախմատը շատ է տարբերվում կանանց շախմատից։ Կանայք շատ հեշտ են ենթարկվում փոփոխություններին, որովհետև այնտեղ արդիական են որոշ այլ խնդիրներ, օրինակ՝ այդ տեսակի մասսայականացումն ու քարոզչությունը։ Իսկ տղամարդկանց մոտ դա չկա։ Մենք այստեղ ունենք երկարաժամկետ մրցաշարեր։ Եվ դա լավ է այն առումով, որ արհեստավարժները մեծ փողեր են աշխատում։ Իսկ շախմատային աշխարհում հեշտ չէ մեծ փողեր աշխատելը, քանզի դրանք ուղղակիորեն կախված են արդյունքներից։ Այսպիսով, այդ տեսանկյունից նրանք իրենց համար առավելագույնս լավ տարբերակ են փնտրում։ Օրինակ՝ երեկ Վեսելին Թոփալովը հայտարարեց, որ հրաժարվելու է Բիլբաոյում կայանալիք մրցաշարին մասնակցելուց, քանի որ նրանք ևս ֆինանսական խնդիրներ ունեն տնտեսական ճգնաժամի պատճառով։ Նրանք ստիպված են եղել փոքրացնել իրենց մրցանակային ֆոնդը, իսկ շախմատիստներն այդ մրցաշարն այլևս հետաքրքիր չեն համարում։
Անկասկած, շախմատում գլխավոր հարցը փողն է։ Մենք դա գիտենք դեռևս Բոբբի Ֆիշերի ժամանակներից, որը իր կարիերայի որոշակի փուլից սկսած խաղում էր միայն այն դեպքում, երբ խաղասեղանին էր դրվում համապատասխան գումար։ Այդուհանդերձ, ՖԻԴԵ-ն փորձում է շատ փոփոխություններ չկատարել կանոնակարգում, քանզի ՖԻԴԵ-ի մեծագույն խնդիրներից մեկը կայունության ապահովումն է։ Կարող եմ բերել Կասպարովի օրինակը, որը անջատվեց ՖԻԴԵ-ից, սկսեց անցկացնել սեփական մրցաշարերը։ Դա հեշտ խնդիր չէ, սակայն այդ ուղղությամբ կատարված շատ կարևոր քայլ է կատարվել 2006 թվականին, երբ Էլիստայում տեղի ունեցած մրցաշարում հանդիպեցին Կրամնիկն ու Թոփալովը։ Այդ ժամանակից պառակտումը շախմատում վերացավ, և մենք այժմ վերադառնում ենք այն կետին, երբ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար խաղը կրկին կլինի շախմատիստների գերխնդիրը։ Սակայն մենք պետք է հարմարվող լինենք փոփոխություններին, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել վաղվա օրվա համար։ Օրինակ՝ հովանավորների հետ կապված հարցը և այլն։ Սակայն, առաջին հերթին, մենք պետք է ուշադիր լինենք շախմատիստների նկատմամբ, չէ որ նրանք մեր հերոսներն են։
Ի՞նչ կարծիքի եք ընդհանուր առմամբ հայկական շախմատի մասին։
Վերջին տարիներին դուք շատ լուրջ հաջողություններ եք ունեցել, իսկ այն, որ ձեր հավաքականը երկու անգամ օլիմպիական չեմպիոն դարձավ այնպիսի երկրների հետ պայքարում, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Չինաստանը, շատ բանի մասին է խոսում։
Վերադառնալով այն հարցին, որ շախմատիստի համար գլխավոր խթանը փողն է, նշենք, որ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլումժինովը վերջերս հայտնել է, թե շախմատը պետք է դարձնել լուրջ բիզնես։ Այս առնչությամբ, մրցաշարի հեռուստահեռարձակման լույսի ներքո պարտիայի ժամանակի կրճատման հարցը հրատապ է։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։
Այս հարցը քննարկվում է դեռ 80-ականներից, այն, ինչ-որ չափով Կասպարովի նախաձեռնությունն է։ Այն ժամանակ էլ շատ էին խոսում այն մասին, թե հեռուստահեռարձակման համար պետք է կրճատել ժամանակը՝ 20-25 րոպե յուրաքանչյուր խաղացողի համար եւ 50-60 րոպե հեռուստահեռարձակման համար, որը հոյակապ է հեռուստատեսության համար։
Սակայն, այստեղ կարող են նրբություններ լինել եւ այն ինչ ձեռնտու է մի կողմին, մյուս կողմի համար կարող է այլ պատկեր լինի։ Օրինակ՝ եթե դուք ցուցադրեք շախմատային ինչ-որ հաղորդում, ապա կարող եք վստահ լինել, որ բնակչության 80 տոկոսը հետեւելու է դրան։ Ամերիկայում նման ծրագրին կարող են հետեւել միլիոնավոր մարդիկ, բայց կոմերցիոն առումով այն կարող է ոչ այնքան հետաքրքիր լինել։ Արագ շախմատը հետաքրքիր է՝ առաջին հեռթին, սովորական հանդիսատեսի համար, որը սիրում է արագ քայլեր եւ իրադարձությունների արագ զարգացումներ։ Ամեն դեպքում՝ մեր խնդիրը շախմատի հասարակայնացումն է։ Եվ այս առումով ես մտածում եմ, որ ապագան ոչ թե հեռուստատեսության, այլ ինտերնետի մեջ է։
Ներկայիս պայմաններում, երբ ինտերնետը ամենուր է, մենք մեծ հաջողություն կապահովենք հենց ինտերնետի միջոցով մրցաշարերի հեռարձակմամբ՝ լինի դա 1 րոպե, 20 րոպե կամ 2 ժամ եւ այլն։ Եվ այստեղ կարեւորը ժամանակը չէ, այլ այն, թե մարդիկ ինչպես են մասնակցելու ընթացքին, ինչպես են ընկալելու եւ այլն։ Եվ ինտերնետով նրանք մեծ բավականություն կստանան։
Մի օրինակ բերեմ՝ խաղից առավել բավականություն մարդիկ ունենում են այն ժամանակ, երբ խաղում են այգիներում, իսկ ներկաները խորհուրդներ են տալիս, հարցեր…Այս ամենի իմաստը քննարկումների մեջ է։ Շախմատը կոմերցիոն դարձնելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է այն հասարակայնացնել լայն զանգվածներում եւ, ես կարծում եմ, պետք է սկսել դպրոցներից, որովհետեւ շախմատը շատ կարեւոր է հիմքային մտածողության համար, ընդգրկում է մտքի բոլոր ասպեկտները, որոնք կարող են պետք գալ կյանքում։ Վերլուծություն, հաշվարկներ, կենտրոնացում, հիշողության լավացում, սեփական ուժերին վստահություն եւ ժամանակի ճիշտ համակարգում։ Անկախ նրանից, թե տառապում ես դու ընդունածդ որոշումից կամ այն ուրախություն է բերում քեզ, դու կիմանաս, որ նրանց համար ինքդ ես պատասխանատվություն կրում։ Այսպիսի դասեր պետք է անցկացվեն հատկապես 7-12 տարեկան երեխաների հետ։ Եվ այդ դասերը իրենց ողջ կյանքում լավ ծառայություն կմատուցեն նրանց։
Ինչպե՞ս եք կարծում, տոկոսային հարաբերությամբ ինչպիսի՞ն է տաղանդի, աշխատասիրության եւ հաջողակ լինելու գործոնների դերը։
Գիտեք, սպորտի ցանկացած ձեւում, ոչ միայն շախմատում, աշխատասիրությունը կազմում է հաջողության 80 տոկոսը։ Մնացած 20 տոկոսը վերաբերում է տաղանդին, որի շնորհիվ եւ տարբերվում են իրարից գերխաղացողը սովորականից։ Հենց այդ 20 տոկոսն էլ որոշիչ դեր ունի։ Ավելին՝ այսպես է նաեւ արվեստում ու ակադեմիական գիտութուններում։ Դու կարող ես քո ունակությունները օգտագործել գեղանկարչության, երաժշտության մեջ, բայց այդ 20 տոկոսի շնորհիվ դու տարբերվում ես մյուսներից։ Ինչ վերաբերում է հաջողակ լինելու գործոնին, ապա ես չեմ հավատում դրա անհրաժեշտությանը շախմատում, այդ գործոնին ես տալիս եմ 0 տոկոս։ Հետաքրքիր է ինչ են հաճախ խոսում մարդիկ. «Օ՜, ինչ հաջողակ ես»։ Սակայն իրականում, Նորին մեծություն ճակատագիրը այստեղ ոչ մի կապ չունի։ Նույնիսկ, եթե դու հաղթողի դիրք ունես, սակայն ինչ-որ բան ճիշտ չես հաշվարկել, կարող ես հանգիստ պարտվել։ Այնպես որ, սա քո սեփական սխալն է։ Կամ էլ, եթե մրցակիցդ քեզ հանկարծակի բերի, նշանակում է դու վատ ես պատրաստվել։
Ոչ, ես շախմատում հաջողության գործոնը չեմ ընդունում, որովհետեւ սա շատ ինտելեկտուալ խաղ է։ Իրականում ամեն ինչ քո ձեռքերում է, քեզանից պահանջվում է միայն ճիշտ հաշվարկ եւ կենտրոնացում։ Սա ֆուտբոլ չէ, երբ հարվածից հետո գնդակը սլանում է դարպասաձողից սանտիմետրեր այն կողմ։ Որքան մեծ են խաղացողի վարպետությունն ու մակարդակը, այնքան փոքր է հաջողության դերը։ Ֆուտբոլում, իմիջիայլոց, նույնն է։
Պր-ն Բորգ, հայտնի է, որ շախմատիստներին ընդունված է բաժանել պրագմատիկների եւ ռոմանտիկների։ Կարելի՞ է ասել, թե պրագմատիկ մոտեցման մեջ նույնպես ներկա է ստեղծագործական տարրը։
Այո, անշուշտ։ Օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը բավական պրագմատիկ էր։ Սակայն, նա միշտ ստեղծում էր իր համար համապատասխան դիրքերի պաշար՝ հետագա գործողությունների համար։ Երբ միմյան հետ խաղում են պրագմատիկներ, ապա շատ հնարավոր է ոչ-ոքին։ Իսկ երբ հանդիպում են վառ արտահայտված հարձակվող բնույթի խաղացողներ, ապա այստեղ ամենը շատ ավելի անկախատեսելի է։ Սա նման է պատերազմի դաշտին, որտեղ ռազմավարությունը ենթադրում է նաեւ ստեղծագործական մոտեցում, վերածվում է արվեստի։ Աշխարհի չեմպիոնները միշտ ստեղծում են իրենց համար մեծ պաշար՝ լուծելով պաշտպանության հարցը։ Ամեն դեպքում, ես հասկանում եմ, որ մարդիկ մեծամասամբ ռոմանտիկ են։ Նրանք գերադասում են ոչ թե իտալական, այլ բրազիլական ֆուտբոլը։ Եվ ինչու։ Որովհետեւ իտալացիները պրագմատիկ են, գործում են պաշտպանությունից եւ նրանց դժվար է գոլ խփել։ Ճիշտ է, բրազիլացիները գեղատեսիլ խաղ են ցուցադրում, շատ են շարժվում, բայց… ո՞ր ոճն է ավելի լավը։ Իրականում՝ ճաշակի հարց է։
Աշխարհի չեմպիոն դառնալու համար ի՞նչ շանսեր ունի Արոնյանը։
Գիտե՞ք, Լեւոնի հաղթական կողմերից մեկը նա է, որ ինքը լավատեսորեն է նայում աշխարհին։ Խաղերին միշտ մոտենում է առանց ավելորդ անհանգստության ու բարդույթների, սակայն, միաժամանակ, յուրաքանչյուր պարտիային նա այնպես է մոտենում, որ կարծես դա նոր մարտահրավեր է իր կյանքում։ Նա ամենից հաճույք է ստանում, նա համաշխարհային շախմատային գահի հոյակապ շանսեր ունի։ Նա ի վիճակի է հաղթել ցանկացածին։ Նա արդեն բարձրունքում է, սակայն գալիք 5 տարիները որոշիչ կլինեն նրա համար։ Ինձ թվում է, 2010 թ-ին, նրա մոտ այնպիսի հնարավորություն կլինի, որը կդառնա հերթական մարտահրավերը իր կյանքում։
Լեւոնին ես 5-6 տարի է ճանաչում եմ, եւ նա ավելի ու ավելի է հզորանում։
Միաժամանակ, նաեւ որպես մարդ՝ առավել հասուն։ Սակայն, նա բավականին լուրջ մրցակիցներ ունի՝ Թոփալովը, Կրամնիկը, Կառլսենը եւ, իհարկե, Անանդը։ Նրանք բոլորն էլ գերխաղացողներ են։ Մոտավորապես երկու տարի առաջ ես հանդիպեցի Կասպարովին: Նա իմ ուշադրությունը սեւեռեց այն բանի վրա, որ շախմատիստների նոր սերնդում չկան մեկ կամ երկու վառ արտահատված առաջնորդներ։ «Այսօր այնպես չէ, ինչպես ժամանակին Կարպովի կամ իմ հետ»։ Ներկայումս, լավագույն տասնյակում մեծ տարբերություն չկա, նրանք բոլորն էլ շատ մոտ են միմյանց։
Եվ վերջին հարցը. Ըստ Ձեզ, ո՞վ է հանդիսանում բոլոր ժամանակների լավագույն շախմատիստը։
Հնարավոր չի պատասխանել այս հարցին։ Ամեն ժամանակաշրջան ունի իր հերոսները։ Կապաբլանկա, Լասկա, Ալյոխին, Կասպարով եւ Կարպով։ Դժվար է առանձնացնել մեկին։ Այսօրվա շախմատիստների մեջ կարելի է առանձնացնել Արոնյանին, Թոփալովին, Կառլսենին, որոնք տեխնիկայի առումով մոտենում են վաղ շրջանի վարպետներին։




























