Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում ըստ էության նշանակում է, որ նա իր պարտությունն է գրանցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե Լեւոն Տեր-Պետորսյանի օրոք  մենք կարողացանք հասնել նրան, որ Հայաստանը չլինի հակամարտող կողմ եւ բանակցություններին Հայաստանը ընդամենը որպես միջնորդ էր հանդիսանում եռակողմ ձեւաչափում՝ Արցախ-Հայաստան-Ադրբեջան, ապա այսօր մենք ունենք այն «ձեռքբերումը», որ Արցախը ընդհանրապես բանակցային գործընթացից դուրս է մնացել, Հայաստանն էլ դիտարկվում է որպես հակամարտող կողմ:

«Սա է այն տարիների աշխատանքի ձեռքբերումը, ինչ ունի Սերժ Սարգսյանը, որը բարձրաձայնեց ՄԱԿ-ի ամբիոնից: Ի սկզբանե մենք դեմ ենք եղել այդ արձանագրությունների ստորագրմանը, թող հիմա բարձր հոխորտանքով այնտեղից չխոսա, տպավորություն է ստեղծվում, թե այդ նախաձեռնությունը իրենը չի եղել, այլ մեկ այլ նախագահի եւ ինքը այսօր փորձում է այդ գործընթացը կասեցնել, ինչ ճաշ եփել է, այն էլ հիմա ուտում է: Ժամանակին երբ ամբողջ հայ հանրությունը, քաղաքականնշ ուժերը, ավանդական կուսակցությունները դեմ էին կանգնում այդ արձանագրություններին եւ հորդորում, որ նման արձանագրություն չստորագրվի, Սերժ Սարգսյանին թվաց, թե ինքը հերոսկան քայլ է  անում եւ իր կոմպլիմենտարիզմը Թուրքիայի նկատմամբ բարձունքի է  հասցրել եւ ինչ ունեցանք արդյունք՝ ապտակ Թուրքիայի կողմից, որը չվավերացրեց այդ արձանագրությունները, բայց փաստեց, կասկածի տակ է դրվում ցեղասպանության փաստը եւ անհրաժեշտ է պատմաբանների խորհուրդ, որը կփաստի կամ կհերքի այդ ողբերգության գոհությունը: Այսօր երբ լրիվ ֆիասկո է ապրել այդ գործընթացում, բարձր տոնով այնտեղից  գրողի ծոցն է ուղարկում, վատ չէր լինի, որ արձանագրությունների հետ միասին իրեն էլ գրողի ծողը ուղարկեր եւ ժողովրդին ազատեր իր նախագահությունից»:

Ինչ վերաբերում է Շոտլանդիայի հանրաքվեին եւ արդյոք դա կարողէ  նպաստել ԼՂՀ կարգավորման գործընթացում հայկական դիրքերի ամրապնդմանը, ՀԱԿ պատգամավորն ասաց, որ Շոտլանդիայի փաստը ապացուցեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է եւ աշխատող իրավունք: Լյուդմիլա Սարգսյանը շեշտեց, որ միայն Շոտլանդիայի ժողովրդի ցանկությամբ այդ երկիրը շարունակեց մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, եթե հարգվում է այդ որոշումը, ուրեմն ժամանակի ընթացքում եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, զարգացնենք տնտեսություն, գործընկերային հարաբերություններ ստեղծենք, բարձրաձայնենք ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը, ժամանակը ամեն խնդիր կլուծի, իհարկե եթե այդ ընթացքում ունենանք իշխանություններ, որոնք կկարողանան նախկին իշխանությունների բոլոր ձախողոումները չեզոքացնել եւ Արցախը վերադարձնել բանակցային գործընթացի:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ ասել է, թե ՄԱԿ-ի ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Նա նաեւ հայտարարել է, թե պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը, ասելով «Գրողի ծոցը վավերացնեք»: հայաստանի նախագահը նաեւ նշել է, թե «Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետեւողականորեն դառնում էթնիկ խնդիրների կարգավորման իրավական գործիքներից մեկն աշխարհում: