Ադրբեջանը մտադիր է ատոմային ծրագիր սկսել:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարար Իլթիմաս Մամեդովին, հաղորդում են, որ մոտ օրերս ակնկալվում է կանոնադրության եւ իրավաբանական փաստաթղթերի հաստատում՝ Ատոմային հետազոտությունների ազգային կենտրոնի գործունեությունը սկսելու նպատակով:

Նրա խոսքով՝ ներկայումս նշված փաստաթղթերի նախապատրաստման, կենտրոնի կառուցման վայրի ընտրության աշխատանքներ են տարվում: Այդ բոլոր հարցերը կլուծվեն մինչեւ տարվա վերջ: 

 «Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո կորոշվեն երկրները, որոնց հետ ծրագրվում է համագործակցել», - հստակեցրել է Մամեդովը:

Ավելի վաղ Ադրբեջանի Հանրապետության նախագահը Կապի եւ բարձր տեխնոլոգիաների նախարարությանը կից «Ատոմային հետազոտությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին հանձնարարություն էր ստորագրել: