Փոքր եւ միջին ձեռնարկատերերի կողմից ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման պահանջն ուղղված է ոչ թե նրանց դեմ, այլ դա գործիք է, որը հնարավորություն է ընձեռելու իրականացնել խոշորի նկատմամբ վերահսկողություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կառավարության նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիային, որն այս պահին ընթանում է կառավարության շենքի մոտ:

Նրա խոսքով՝ օրենքը նախ կտրուկ թեթեւացնում է շրջանառության հարկի դրույքաչափը՝ 3.5%-ից նվազելով 1%-ի, բայց փոխարենը օրենքը նախատեսում է, որ ՓՄՁ-ն պետք է փաստաթղթով հիմնավորի իր կողմից ձեռքբերված ապրանքները:

«Նախկինում չկար օրենքով սահմանված մի դրույթ, որով ՓՄՁ-ն խոշորից կպահանջեր փաստաթուղթ: ՓՄՁ ներկայացուցիչների անհանգստությունը անհասկանալի է, քանի որ այն իրենց դեմ չի ուղղված: Ռիսկային դաշտում կհայտնվեն միայն նրանք, ովքեր չեն կատարի օրենքի դրույթները»,-ընդգծել է փոխնախարարը՝ հավելելով, որ հարկային մարմինների կողմից անհարկի միջամտություններ ու ստուգումներ տեղի չեն ունենալու:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ չեն հանդուրժելու, որ ՓՄՁ-ն հարթակ դառնա, որպեսզի խոշորները հարկերից խուսափեն։ «Մեր թիրախը պետք է լինի խոշորը, պարզ է, որ կան հրահրողներ, որոնք փորձում են տարածել անհիմն տեղեկություն, որ կառավարությունը ուզում է ճնշել ՓՄՁ-ին»,-ընդգծել է նա՝ զարմանք հայտնելով, որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, բայց մարդիկ անտեղի մտահոգվում են: