Մեր օրերում, երբ միջպետական սահմաններն ավելի ու ավելի թափանցիկ են դառնում, եւ միջմայրցամաքային միասնական տնտեսական տարածքներ են ձեւավորվում, անիմաստ է խոսել տարբեր համակարգերի հակասությունների մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում ունեցած դասախոսության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումներին, նա նշել է.
«Ինչպես հայտնի է, Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաեւ հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Միաժամանակ, Հայաստանը շարունակում է Եվրոպական Միության հետ համակողմանի համագործակցությունն ինչպես Արեւելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ ձեւաչափով: Եվրամիության եւ արեւմուտքի աջակցության շնորհիվ մեր երկիրը լուրջ բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության ազատականացման եւ շատ այլ կարեւոր ոլորտներում: Համոզված եմ՝ դրանք շարունակական բնույթ են կրելու: Մենք քաջ գիտակցում ենք, որ այդ բարեփոխումների նպատակն այս կամ այն կառույցին ինտեգրվելը չէ. դրանք առաջին հերթին մեզ են պետք:
Ավելին՝ մեր օրերում, երբ միջպետական սահմաններն ավելի ու ավելի թափանցիկ են դառնում, եւ միջմայրցամաքային միասնական տնտեսական տարածքներ են ձեւավորվում, անիմաստ է խոսել տարբեր համակարգերի հակասությունների մասին: Անիմաստ է նաեւ սեփական արտաքին քաղաքականությունը կառուցել այդ հակասությունների վրա: Համոզված ենք՝ Հայաստանն, անդամակցելով ԵՏՄ-ին, կապող օղակ կհանդիսանա այդ կառույցի երկրների եւ արեւմտյան երկրների գործարար համայնքների համար:
Ուստի մեր գործընկերների հետ համագործակցության այնպիսի մեխանիզմներ ենք փորձում մշակել, որոնք համադրվում եւ ոչ թե հակադրվում են: Սրանք լոկ խոսքեր չեն, դա է մեր մտածելակերպը, մեր ամենօրյա աշխատանքը, մեր տեսլականը, եւ մենք դրան եկել ենք սեփական փորձով:
Հետեւողականորեն առաջ ենք մղում նաեւ մեր երկկողմ եվրոպական օրակարգը: Վերջին 4-5 ամիսների ընթացքում ես այցելել եմ մի շարք Եվրոպական երկրներ ու նաեւ Հայաստանում հյուրընկալել բազմաթիվ երկրների նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների»:




























