«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ Երեւանի տոնավաճառների առեւտրականները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից վարչապետին տեսնելու պահանջով հավաքվել էին Կառավարության շենքի մոտ, դադարեցրին իրենց ակցիան՝ որոշելով հաջորդ անգամ սեպտեմբերի 29-ին հավաքվել Ազգայի ժողովի շենքի մոտ:
Բողոքող քաղաքացիները գոռգոռոցներով, սուլոցներով ու «դուրս արի» վանկարկումներով դիմավորեցին կառավարության շենքից դուրս եկող պաշտոնյաներին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հորդորին, որ պետք է քաղաքապետարանին նախապես իրազեկեն կայանալիք ակցիայի մասին, առեւտրականներից մեկն ասաց. «Մենք բանավոր ենք ասում, ընկեր Օսիպյան, մենք կազմակերպիչ չունենք, մենք իրար չենք ճանաչում: Բայց կարեւորը, որ այստեղ բոլորս եկել ենք միեւնույն բողոքով»:
Մի քանի ժամ սպասելուց հետո միայն՝ Կառավարության նիստի ավարտին, բողոքողներին մոտեցավ Կառավարության դիմում նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա առեւտրականներին ասաց, որ նրանք արդեն հանդիպել են վարչապետին, որն էլ խոսք է տվել, որ նրանց բիզնեսը ոչնչով չի տուժելու:
«Հարկայինը գալու է՝ աշխատի ձեր հետ որպես գործընկեր»,-առեւտրականներին ասաց Ալեքսանդր Ղազարյանը՝ միաժանակ նշելով, որ օրենքը չի կարող փոփոխվել:
Փոխարենը նա առաջարկեց նամակի տեսքով հանձնել բողոքը, որտեղ ներկայացված կլինեն օրենքի այն կետերը, որոնք առեւտրականներին չեն գոհացրել: Նրա հետ զրույցից առեւտրականներն ավելի բարկացան, նրանք վանկարկում էին «վարչապետ, վարչապետ»՝ ասելով, որ իրենք վարչապետին են ուզում տեսնել: «Հիմա դուք ինձ ասում եք՝ ընկերոջդ վրա գործ տուր»,-բղավեց կանանցից մեկը: Ալեքսանդր Ղազարյանը վերադարձավ Կառավարության շենք՝ առանց բողոքողների հետ համաձայնության գալու:
Առեւտրականներից ոմանք հորդորում էին հենց այսօր երթով շարժվել դեպի Ազգային ժողովի շենք, ոմանք առաջարկում՝ մնալ Կառավարության շենքի մոտ՝ մինչեւ վարչապետը իջնի: Վերջիվերջո, առեւտրականները համաձայնության եկան՝ երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ իրենց պահանջները պատգամավորներին հայտնելու, քանի որ նրանք են օրենքն ընդունել:




























