Ամերիկյան մաշկաբանները խորհուրդ են տալիս ազատվել մի շարք սովորույթներից, որոնք թուլացնում են մաշկը եւ կնճիռների առաջացման պատճառ դառնում: Մասնագետների հավաստմամբ, սեփական պահվածքին հետեւելու եւ որոշ ցանկություններ զսպելու դեպքում միանգամայն իրական է երկար տարիներ դեմքի թարմ տեսքը պահպանելը:

Մաշկի վրա բացասական ազդեցություն է ունենում նիհարելու սովորությունը: Ամերիկյան Նյու Օռլեանի Թուլեյն համալսարանից մաշկաբանության պրոֆեսոր Մերի Լուպոյի խոսքով՝ դիմային ճարպի կորուստը հանգեցնում է վաղ կնճիռների առաջացմանն ու մաշկի չորությանը: Արդյունքում կանայք, ովքեր քաշի տատանումներ են ունենում, իրենց տարիքից ավելի մեծ են երեւում:

Գիտնականները վատ են համարում նաեւ աչքերը տրորելու սովորությունը: Աչքերի շուրջ մաշկը շատ բարակ եւ նուրբ է, այն արագորեն թուլանում է, մուգ շրջանակներ եւ պարկեր են առաջանում: Նման հետեւանք է ունենում նաեւ լիարժեք քնի պակասը: Մասնագետները խորհուրդ են տալիս պառկել քնելու մինչեւ ժամը 23:00-ն, մութ սենյակում: Ցանկալի է հանգստանալ մեջքի վրա պառկած, քանի որ կողքի վրա քնելիս մաշկը տրորվում է եւ կնճիռներ են առաջանում:

Ըստ «EuroSMI»-ի, եւս մեկ վատ սովորություն է ձողիկով խմելը: Շուրթերի շուրջ մաշկը նույնպես կնճիռների առաջացման հակում ունի: Ձողիկներն ու ծխախոտը շրթունքների շուրջ առաջացող մանր կնճիռների եւ ծալքերի առաջացման հիմնական պատճառներն են:

Մաշկի առողջության համար կարեւոր է նաեւ էմոցիոնալ տրամադրությունը: Այսպես. ամեն ինչ սրտին մոտ ընդունելու սովորությունը սթրեսի հորմոն կորտիզոլի արտադրության պատճառ է դառնում: Մաշկաբանները զգուշացնում են, որ այդ հորմոնը բացասաբար է անդրադառնում կոլագենի վրա, մաշկը կորցնում է առաձգականությունը:

Արեւահարությունը նույնպես ծերացնում է մաշկը՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների անբարենպաստ ազդեցության շնորհիվ: Արեւային լոգանք ընդունելիս հարկավոր է որակյալ արեւապաշտպան միջոցներ գործածել, ինչպես նաեւ ուլրամանուշակագույն ֆիլտրերով լավ ակնոց կրել, նույնիսկ ձմռանը, վառ արեւի դեպքում: