40-ից ավելի տարբեր ազգերի բայքերներ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Լոս Անջելեսից մոտոցիկլետներով ճանապարհ կընկնեն եւ Ապրիլի 24-ին կմտնեն Եղեռնի հուշահամալիր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողներին ասաց «Հայկական մոտոցիկլիստների ակումբ» բարեգործական ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը՝ ավելացնելով, որ Հայաստան հասնելու համար ընտրվել է երկու երթուղի:

«Մենք երթուղու համար երկու գիծ ենք ընտրել, որից միայն մեկը պետք է իրականացնենք: Առաջինը Եվրոպայով մոտոցիկլետներով քշել գալն է, որը մի փոքր պրոբլեմային է, քանի որ սկսելու ենք քշել մարտ ամսից, իսկ եղանակները ահավոր վատն են այդ ժամանակ: Անգամ անձրեւի դեպքում հնարավոր չի լինի մոտո քշել, նամանավադ եթե մենք շատ լինենք: Երկրորդը, որ մեկ ամիս առաջ բոլոր պետությունները մեզ ասում էին՝ լավ, խնդիր չկա, կարող եք գալ եւ սահմանից սահման ազատ անցնել, հիմա այդ խոստումները մի փոքր կրճատվել են»,- ասաց Հարութ Բոգարյանը՝ նշելով, որ եթե Եվրոպայով հնարավոր չլինի հասնել Հայաստան, ապա նրանք մոտոցիկլետների հետ միասին ինքնաթիռով կգան Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան:

Հարութ Բոգարյանի խոսքով, որպեսզի մարդկանց պարզ լինի, թե իրենց նախաձեռնությունը ինչ նպատակ ունի, իրենք պատրաստվում են հայկական դրոշը սեւ ժապավենով պատել եւ ամրացնել բայքերների մոտոցիկլետներին:

«Որպեսզի մարդիկ հասկանան, մենք մեր հայկական դրոշը պատելու ենք սեւ լենտայով, իսկ մեզանից առաջ մեկ մոտոցիկլետ է լինելու, որի վրա պատկերված է լինելու Հայոց Ցեղասպանությունը պատկերող տեսարանները»,- ասաց Հարութ Բոգարյանը՝ ավելացնելով, որ իրենց հիմանական նպատակը ժողովրդին ոգեւորելն է: