Շվեդական «Dagen» պարբերականն անդրադարձել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերմանը՝ վկայակոչելով Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից սեպտեմբերի 22-ին տարածված հաղորդագրությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ավերվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված եւ Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։ Շվեդիայի հայկական միությունները դատապարտել են այդ բարբարոսական արարքը՝ կոչ անելով Շվեդիային, ինչպես նաեւ աշխարհի բոլոր երկրներին հնարավորինս սահմանափակել «Իսլամական պետության» ֆինանսական հոսքերը, ինչպես նաեւ այդ անմարդկային խմբավորման կողմից նոր անդամների հավաքագրման հնարավորությունը։
«Dagen» պարբերականը նաեւ նշել է, որ 1900-ական թվականներին տեղի ունեցած ցեղասպանությունը, որի արդյունքում մոտ մեկ միլլիոն հայ եւ հարյուր հազարավոր ասորիներ են սպանվել, դեռեւս չի ճանաչվել Թուրքիայի եւ Սիրիայի կողմից, եւ ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր հայեր Սիրիայից եւ հարեւան երկրներից այցելում էին Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցի իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհերի հիշատակին։




























