Գորիսի «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն, երիտասարդ գործարար, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը դադարեցնում է իր նախաձեռնած բոլոր ներդրումային ծրագրերը Գորիսում։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնւմ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) վերանշանակումից հետո դրանք այլեւս անիմաստ է համարում։

«Անիմաստ եմ համարում։ Դադարեցնում եմ իմ բոլոր ներդրումային ծրագրերը, ընթացիկ ծրագրերի այն մասը, որոնք պարտավորություններ չեն ենթադրում: Մտածում եմ այլ տեղ կազմակերպել, բայց ոչ  Սյունիքում. անիմաստ է, պայքար և այլն, դրանք  բառեր են,  որ արդյունք չեն տալիս։ Նո Քոմենթ, սա վերջն ա»,- ասաց գործարարը:

Տիգրան Կարապետյանը նշեց, որ վերջնականապես չի հեռանում, որովհետեւ անհանգստանում է իր հարազատների ու մտերիմների անվտանգության համար։

«Ամեն ինչը իր գինն ունի, ես պատրաստ չեմ նոր հունիսի 1-ի, եթե իմ կյանքն է պետք՝ խնդրեմ, բայց ոչ այն մարդկանց, ովքեր ինձ հարազատ են, հակառակ դեպքում՝ հենց վաղը երկրից կգնայի: Այս մեկ տարվա մեջ որոշակի ոգևորություն կար, ծրագրեր, նպատակներ, վերջապես դաշտը մաքուր էր, կարելի էր զբաղվել այն  գործով, որը ոչ միայն քեզ, նաև շրջապատին է օգուտ բերում,  այսօր սպառվեցին բոլոր ուժերը»,- նշեց Տիգրան Կարապետյանը:

Նշենք, որ «ԳԱՄՄԱ» գործարանը Գորիսի ամենախոշոր ձեռնարկություններից է, ունի  75 աշխատող։